Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի թանկացումը

2 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի թանկացումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բենզինի շուկայում թանկացում է արձանագրվել: 2012թ. օգոստոսի վերջին տասնօրյակում բենզինը թանկացել է 6 տոկոսով: Ներկայում բենզալցակայաններում 1 լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում է 500, «Պրեմիում» տեսակը` 520 դրամով:

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2012թ. օգոստոսին, ի տարբերություն 2011թ. նույն ժամանակահատվածի, Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գներն աճել են, համապատասխանաբար, 4,2 և 3,5 տոկոսով, իսկ 2011թ. դեկտեմբերի համեմատ աճը կազմել է 8,7 և 4,4 տոկոս:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ բենզինի վերջին թանկացման հետ կապված ՏՄՊՊՀ-ի կողմից այդ ապրանքային շուկայում ուսումնասիրություններ են անցկացվում: Հիմնական ներկրողներ «Ֆլեշ» և «CPS» ընկերությունները հանձնաժողովին են տրամադրում ներմուծման և իրացման գնի հետ կապված հունվար-օգոստոսի տեղեկատվությունը, որից հետո հանձնաժողովը կորոշի իր հետագա անելիքները:

Հայաստանի բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեն «Ֆլեշ» և «CPS» ընկերությունները, որոնց բաժին է ընկնում ներմուծման և իրացման մոտ 80 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում