ՀՀ պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ անկախության տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օգոստոսի 2-ին Ստեփանակերտում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Գալուստ Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից,առավոտյան ՀՀ պատվիրակությունը ԼՂՀ քաղաքական և զինվորական բարձրագույն ղեկավարության հետ միասին Արցախի մայրաքաղաքի Վերածննդի հրապարակից քայլերթով ուղևորվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների հուշակոթողին և ազատամարտիկների շիրիմներին:
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է կազմակերպված տոնական միջոցառումներին, այցելել Շուշի: Քաղաքի մատույցների մոտ գտնվող հուշակոթողին պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել և հարգանքի տուրք մատուցել հերոս ազատամարտիկների հիշատակին, ապա ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար:
Լրագրողների հետ կարճատև զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս շնորհավորել է արցախցիներին և ողջ հայ ժողովրդին ԼՂՀ անկախության հռչակման տարեդարձի կապակցությամբ:
ՀՀ պատվիրակությունը Երևան կվերադառնա այսօր երեկոյան: