Հայ սպա Հայկ Մակուչյանը Սաֆարովի գործով դիմելու է միջազգային դատարան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործողություններից տուժած հայ սպա Հայկ Մակուչյանը դիմելու է միջազգային ատյաններին` իր շահերը պաշտպանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` սեպտեմբերի 1-ին հրավիրված ասուլիսում Մակուչյանը վստահություն հայտնեց, որ պետությունը կօգնի իրեն այդ գործում:
Նախքան դատարան դիմելն արդեն իսկ խորհրդակցություններ են սկսվել իրավաբանների հետ` հարցն ուսումնասիրելու նպատակով: Մակուչյանի խոսքով` հնարավոր է ինքը դիմի Հաագայի միջազգային դատարան, քանի որ Գուրգեն Մարգարյանի ասպանությունը կատարվել է ազգամիջյան հողի վրա. պարզապես Գուրգենը սպանվել է հայ լինելու համար: «Պետք է պատիժ կրի և Ադրբեջանը, և Հունգարիան` մարդկության հանդեպ դրսևորած ցինիզմի համար: Սաֆարովը քաղաքական որոշման հիման վրա է ազատ արձակվել, ուստի Հունգարիան իր այս քայլով ցույց էտալիս, որ կարելի է Եվրոպայում հանգիստ մարդ սպանել' եթե առկա են ֆինանսական միջոցներ: Հունգարիան այդպիսով դարձավ հանցակից»,- ասաց Մակուչյանը:
Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, քնած ժամանակ ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպա` Հայկ Մակուչյանի նկատմամբ, որը կանխվել էր:
Երկու հայ սպաները մեկնել էին Հունգարիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին: