ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են Սաֆարովին կանգնեցնել արդարադատության առջև
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդես են եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի ներման որոշման վերաբերյալ հայտարարություններով: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, կոնգրեսական Շերմանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«Ես խորապես ցնցված եմ Հունգարիայի իշխանությունների որոշումից՝ ազատ արձակել 2004թ-ին Բուդապեշտում հայ սպային առնասրտորեն սպանած ադրբեջանցի զինվորականին: Դատապարտված հանցագործը անարդարացիորեն արդարացվել է Ադրբեջանի նախագահի կողմից: Ես կանգնած եմ մեր բարեկամ և դաշնակից Հայաստանի կողքին՝ իր քաղաքացիների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը այս անհատին կանգնեցնել արդարադատության առաջ: Բաքվի գործողությունները ցույց են տալիս նրա կոպիտ հրաժարումը իր հարևանի հանդեպ սպառնալիքներից զերծ մնալուց»:
Կոնգրեսական Փալոունն էլ Ադրբեջանի նախագահի քայլը որակել է որպես«ճչացող անարդարություն»:«Սրանք կառավարության քայլեր չեն, որը ձգտում է արդարության և խաղաղության: Ցավոք, այս քայլերը միայն խորացնում են ադրբեջանցի ժողովրդի ցանկությունը՝ բռնություն գործելու իրենց հարևանի՝ Հայաստանի հանդեպ: Հավատում եմ, որ ԱՄՆ կառավարություն կկանգնի Հայաստանի կառավարության կողքին Ադրբեջանի այս գործողությունները դատապարտելու հարցում»,- ասել է Ֆրենկ Փալոունը: Կոնգրեսականը ևս կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը ոճրագործ Սաֆարովին կանգնեցնել արդարադատության առջև:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: