Ադրբեջանն ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին` ստանձնում է ոճրագործության ողջ պատասխանատվությունը. ՀԱԿ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով` որպես պետություն ստանձնում է հրեշավոր ոճրագործության ողջ պատասխանատվությունը. այլ բան մի պետությունից, որը բազմաթիվ ոճիրներ է գործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի բնակիչների դեմ, չէր էլ կարելի սպասել։ Այս մասին նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ, որը տրամադրվել է «Արմենպրես»-ին:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի հասարակությունն այսօր ցնցող լուր ստացավ այն մասին, որ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլեւ, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի որոշմամբ։ Այսպիսով, փոխանակ ստոր մարդասպանը մինչեւ վերջ կրեր իր արժանի պատիժը, որպես համարժեք հատուցում իր քստմնելի արարքի, արդարացվում է Ադրբեջանում եւ դառնում նրա ազգային հերոսը: Այդպիսով Ադրբեջանն ստանձնում է ոճրագործության ողջ պատասխանատավությունը»: