Ադրբեջանցի քաղաքական գործիչն Ադրբեջանումքաոս է կանխատեսում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր ուժերին միավորող Հանրային պալատի համակարգող խորհրդի անդամ Փանահ Հուսեինը հայտարարել է, որ Ադրբեջանում ներկայում տեղի ունեցող բոլոր տեսակի գործընթացները չեն սահմանափակվում միայն ազգային սահմաններով. դրանք տարածաշրջանային բնույթի իրադարձություններ են եւ կարող են Ադրբեջանում քաոս ստեղծել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ազադլըգ» թերթի թղթակցի հետ զրույցում Փանահ Հուսեինը Ադրբեջանի հասարակությանը կոչ է արել պատրաստ լինել առաջիկայում սպասվող անխուսափելի քաոսին:
«Ադրբեջանի` փոփոխությունների չգնացող իշխանությանը կփոխեն: Բայց այդ ժամանակ թե ներսում, թե տարածաշրջանում տեղի ունեցող բացասական գործընթացների հետեւանքով Ադրբեջանում կարող է քաոս ստեղծվել: Որպես հասարակության առաջատար քաղաքական ուժեր` մենք պետք է պատրաստ լինենք նման քաոսի: Դա միայն Ադրբեջանի ներքին գործընթացների հետ կապված հարց չէ: Եթե իշխանությունը չի ցանկանում քաղաքական բարեփոխումներ իրագործել, ապա ժողովուրդն ու դեմոկրատական ճամբարը չեն կարող հանգիստ սպասել», -ասել է ադրբեջանցի քաղաքական գործիչը: