ԵԱՀԿ-ն կաջակցի Սյունիքի մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման գրասենյակը օգոստոսից կաջակցի մարզպետարանին մարզի տնտեսության դիվերսիֆիկացման և հանքարդյունաբերության հետ առնչվող տնտեսական անվտանգության ռիսկերի հաղթահարման գործում: Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Սյունիքի մարզի տնտեսության գերիշխող ճյուղ` ներկայացնելով արդյունաբերական արտադրանքի 90 տոկոսը և ընդհանուր ծառայությունների և արտադրանքի 60 տոկոսը:
«Թեև հանքարդյունաբերությունը ունի լուրջ դրական ազդեցություն մարզի և պետության տնտեսության վրա, սակայն այն պարունակում է նաև տնտեսական և բնապահպանական ռիսկեր, քանի որ ստեղծում է կախվածություն մեկ արդյունաբերական ճյուղից և սահմանափակում գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացման հնարավորությունները»,- նշեց ԵԱՀԿ ԾԻԳ-ի համակարգող Արմեն Շահբազյանը: «Մարզի համար չափազանց կարևոր է պլանավորել աշխատատեղեր այլ ոլորտներում, երբ սպառվեն հանքային ռեսուրսները»:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից,ԵԱՀԿ-ն խորհրդատվություն կտրամադրի Սյունիքի մարզպետարանին` մարզի տնտեսության դիվերսիֆիկացման պլանի մշակման գործում, որը ցույց կտա այլ ոլորտների զարգացման ուղղությունները: Ծրագրի հիմքում կլինի մրցունակ ռեսուրսների և դրանց կապիտալիզացիայի հնարավորությունների վերլուծությունը, ինչը կօգնի ՀՀ կառավարությանը և դոնորներին հստակեցնելու ներդրումային առաջնահերթությունները և ավելի արդյունավետ դարձնելու զարգացմանն ուղղված ջանքերը:
Դիվերսիֆիկացման պլանը, որն ակնկալվում է մշակել մինչև տարեվերջ, համահունչ կլինի մարզի գործող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի և ազգային Կայուն զարգացման ծրագրի հետ, կօգնի հասնելու նախանշված ցուցանիշներին:
ԵԱՀԿ ԾԻԳ-ը հիմնադրվել է Սյունիքում 2006 թ. հունիսին` աջակցելու մարզում տնտեսական և բնապահպանական ծրագրերի իրականացմանը և օժանդակելու մարզի տնտեսական զարգացմանը, բնապահպանական իրազեկվածությանն ու մասնակցությանը և հակազդելու գյուղական աղքատությանը: