Ասադը Սիրիայում ճգնաժամային իրավիճակի պատասխանատու է համարել Թուրքիային
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Թուրքիային մեղավոր է համարել իր երկրի ճգնաժամային իրավիճակի համար: Նախագահ Ասադը այս մասին հայտարարել էսիրիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Սիրիայում թափվող արյան անմիջական պատասխանատուն Թուրքիան է»,- հայտարարել է Ասադը: Անդրադառնալով Թուրքիայի հետ վատթարացած հարաբերություններին` Սիրիայի նախագահը նշել է, որ իրենք չեն պատրաստվում «տգետ թուրք պաշտոնյաների պատճառով» հետ քայլ անել: «Թուրք ժողովուրդը ճգնաժամի ամբողջ ընթացքում մեր կողքին է եղել»,-հայտարարել է նա:
Անդրադառանալով երկրում տիրող իրադրությանը` Ասադը հավելել է, որ ներկայում իրենք գտնվում են տարածաշրջանային և համաշխարհային պատերազմի մեջ, որում հաղթանակ տանելու համար իրենց պարզապես ժամանակ է պետք:
Ավելի վաղ Թուրքիային խստորեն քննադատող հայտարարությամբ էր հանդես եկել Սիրիայի արտաքին գործերի նախարար Վելիդ Մուալիմը, ով Թուրքիային համարել էր ԱՄՆ-ի ձեռքի գործիքը: