Թուրքիայում հայուհուն ինքնասպանության դրդած թուրք եղբայրներն ազատ են արձակվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բնակվող հայազգի Նարինե Մկրտչյանին ինքնասպանության դրդած թուրք եղբայրները 6-ամսյա կալանքից հետո ազատ են արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին հաղորդում է թուրքական Haberler.com կայքը:
Դատական նիստին ներկա են գտնվել նաև Նարինեի մայրը, ինչպես նաև Օրհան և Բարըշ Օքումուշները: Նիստի ժամանակ Նարինեի մայրը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է աղջիկն ինքնասպանություն գործելուց առաջ զանգահարել իրեն և պատմել իր հետ կատարվածը, ինչից հետո, սակայն, մեղադրյալների փաստաբանը պահանջել է ազատ արձակել երկու եղբայրներին: Վկաներին և փաստաբաններին լսելուց հետո դատարանը որոշում է կայացրել բավարարել Օքումուշների փաստաբաններին և ազատ է արձակել նրանց:
Հիշեցնենք, որ 21-ամյա Նարինե Մկրտչյանն ինքնասպանություն էր գործել 2012 թվականի մարտին: Հայուհին Ստամբուլ էր մեկնել խորթ հոր և եղբոր հետ: Ստամբուլում նա սիրահարված է եղել ազգությամբ թուրք Օրհանին, ով, սակայն, օգտվել է առիթից, սեռական հարաբերություն ունեցել Նարինեի հետ, ինչպես նաև գաղտնի նկարահանել նրան մերկ վիճակում: Ապա Նարինեի հետ փորձել է հարաբերություն ունենալ նաև Օրհանի եղբայրը` Բարըշը, ով սպառնացել էր հայ աղջկան` նկարահանած տարբերակը աղջկա եղբորը ցույց տալ: Բարըշը աղջկանից մերժում է ստացել, ինչից հետո էլ տեսագրությունը ցույց է տվել նրա եղբորը: Թուրք եղբայրները սպառնացել էին Նարինեի մասնակցությամբ տեսանյութը տեղադրել նաև համացանցում, եթե նա իրենց գումար չվճարի: Հայուհին փորձել էր գումար գտնել, սակայն ապարդյուն: Այս ամենից հետո նա ինքնասպան է եղել` թունավորելով իրեն: