Մարզային

Ասֆալտապատվում եւ լուսավորվում է Մարտունու Մյասնիկյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատվում եւ լուսավորվում է Մարտունու Մյասնիկյան փողոցը

ԳԱՎԱՌ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 1100 մետր երկարությամբ հատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Խլղաթյանը՝ շինարարական աշխատանքներին ասֆալտապատման ենթակա փողոցում նախորդել է խմելու ջրատարի ներքին ցանցի եւ կոյուղագծերի հիմնանորոգումը:

Ներկա աշխատանքների շրջանակներում փոխվում են փողոցի մայթերի եզրաքարերը, տեղադրվում են ջրատար առուների բետոնե կիսախողովակներ՝ ջրաբաշխման կետերում տեղադրված փականներով, կառուցվում է գիշերային լուսավորության ցանց, կատարվում է գրունտային շերտի հարթեցում:

Մի քանի օրից կսկսվեն բուն ասֆալտապատման աշխատանքները: Վերջիններիս եւ ջրահեռացման համակարգի կառուցման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է 110 միլիոն դրամ:

Այս օրերին տեղական բյուջեի միջոցների հաշվին ասֆալտապատմամբ փոսային նորոգումներ են կատարվում նաեւ Մարտունու Գարեգին Նժդեհ, Նարեկացի, Երեւանյան, Սայաթ Նովա փողոցներում, կառուցվում են գիշերային լուսավորվածության ցանցեր, նորոգվում ու նորացվում են ճանապարհների ջրահեռացման համակարգերը:

Մյասնիկյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին տասնօրյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում