Հասարակական

Հայաստան պայթուցիկ նյութեր ներկրվում են Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից

5 րոպեի ընթերցում

Հայաստան պայթուցիկ նյութեր ներկրվում են Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին հինգ տարիներին հրագործական արտադրանք օգտագործելու պատճառով առաջացած հրդեհների դեպքերը նվազել են: Դրանց հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չեն գրանցվել:Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը, 2010 թվականին հրագործական արտադրանք օգտագործելու հետեւանքով երեք, իսկ 2011-ին` երկու հրդեհ է գրանցվել. 2012 թվականին նման դեպքեր չեն արձանագրվել:«Հրդեհները հիմնականում առաջացել են, օրինակ, երբ ժամանցի վայրերի, ռեստորանների շրջակայքում հրավառություն է կազմակերպվել եւ հիմնականում այրվել են չոր խոտածածկ տարածքները»,-ասաց նա:

Հայաստանի Հանրապետության «Հրդեհային անվտանգության կանոններ» իրավական ակտը մի շարք փոփոխություններով արդեն ուժի մեջ կմտնի օգոստոսի 25-ին: Ակտի 34-րդ գլխում հստակ նշված է, թե ինչպես պետք է օգտագործել, շրջանառության մեջ դնել եւ պահեստավորել հրագործական արտադրատեսակները:Հրագործական արտադրատեսակները լինում են երկու տեսակի. առաջին տեսակից կարող են ձեռք բերել բոլորը, իսկ երկրորդը` միայն հատուկ գիտելիքներ եւ որակավորում ունեցող անձիք:«Մանրածախ կենցաղային հրագործական արտադրանքը վաճառվում է կամ մասնագիտացված խանութներում, կամ էլ տնտեսական խանութների վերին հարկերում գտնվող հատուկ տարածքներում, որոնք հագեցած են հակահրդեհային միջոցներով: Ընդ որում, բոլոր արտադրատեսակների վրա պետք է հայերեն նշված լինի օգտագործման կանոնները»,-ասաց նա:

Հրագործական արտադրանքի պահեստավորումն իրականացվում է հատուկ պայմաններում եւ վայրերում:«Հրագործական արտադրանքը կամ պահեստավորում են հատուկ շինություններում, որոնց պատերը հրակայուն են, եւ որոնք մեկուսացված են ծառայողական սենյակներից, կամ էլ երկաթյա պահարաններում, որոնց պատերի հաստությունը 3 մմ.-ից ոչ պակաս է»,-ասաց նա:

Հրագործական արտադրանքի ներքո դիտարկվում են պայթուցիկ պատրաստի նյութերը, բացի վառոդ, բիքֆորդյան քուղեր, ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ ապրանքատեսակներից:

Հայաստանի Հանրապետություն պայթուցիկ նյութեր ներկրվում են Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից:2012 թվականի առաջին կիսամյակում, Թուրքիայից Հայաստան է ներկրվել 68 տոննա պայթուցիկ նյութեր: Բիքֆորդյան քուղեր, ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ ապրանքատեսակները Հայաստան են ներմուծվում Թուրքիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից:

2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ամենաշատը քուղեր-բիքֆորդյան, ճայթեցնող, հրապատիճ, բռնկիչ, էլեկտրաճայթիչ ապրանքատեսակը ներկրվել է Չինաստանից` 798 հազար հատ, երկրորդ տեղում Վրաստանն է` 251 հազար հատ, երրորդում Թուրքիան` 210 հազար հատ:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ` գիշերային ժամերին լռության խախտման դեպքերը բացառելու նպատակով Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կողմից մշտապես վերահսկվում է հրագործական արտադրատեսակների առեւտուր իրականացնող կազմակերպությունների եւ անհատների գործունեությունը, կազմակերպվում են ստուգայցեր, պատասխանատուներին տրամադրվում են հիշեցման թերթիկներ:

Հրագործական սարքերը թույլատրվում է օգտագործել մինչեւ ժամը 23.00-ը, իսկ գործարկումից առաջ պետք է համաձայնեցնել վարչական տարածքի ոստիկանության բաժնի հետ:Կտրականապես արգելվում է նման սարքերի վաճառքն անչափահասներին եւ օգտագործումը նրանց կողմից:

ՀՀ կառավարությունն օգոստոսի 9-ի նիստում սահմանել էր, որ գիշերային ժամերին հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ հրավառություն կարող է կազմակերպվել միայն Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ի ժամը 23։00-ից մինչեւ հաջորդ օրվա 01։00-ն, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին` ժամը 23։00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 01։00-ն` ՀՀ պետական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ Ամանորի գիշերը` նաեւ քաղաքացիների կողմից։ Գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 հազար դրամի չափով:

Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարում կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում