Տնտեսություն

Խաղողի մթերման գնի նվազում այս տարի սպասելի չէ

2 րոպեի ընթերցում

Խաղողի մթերման գնի նվազում այս տարի սպասելի չէ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից ընթացիկ տարում պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն աճել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 21-ի դրությամբ արտահանվել է 17630 տոննա պտուղ-բանջարեղեն, այսինքն` 9528 տոննայով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանահատվածում:

Ընթացիկ տարում մթերվել է 19561 տոննա պտուղ-բաջարեղեն: Մակարյանի խոսքով` մթերման պահանջարկը մեր երկրում գնալով ավելանում է: Առաջիկայում էլ սկսվելու է խաղողի բերքահավաքը: Խաղող վերամշակող ընկերությունների ղեկավարներն ու գյուղնախարարության մասնագետները քննարկելու են մթերման գործընթացի կազմակերպական հարցերը: Փոխնախարարի կարծիքով` այս տարի խաղողի մթերման գինը չի իջնի: Նախորդ տարվա մթերումների ժամանակ կուտակված պարտքերը, փոխնախարարի հավաստմամբ, հիմնականում մարվել են:

Գյուղացիների եւ վերամշակող կազմակերպությունների միջեւ այս տարի կնքվել է 5 665 պայմանագիր, որոնց շրջանակներում գյուղացիներին տրամադրում է կանխավճար եւ բուժանյութ: Գյուղնախարարությունը հետեւում է բերքահավաքի, գյուղմթերքի մթերումների, արտահանման գործընթացին, վերահսկում վերամշակող գործարանների աշխատանքը:

Ընթացիկ տարում Երեւանում կազմակերպվել է գյուղմթերքի 14 տոնավաճառ: Հունիսի 29-ից Կասյան փողոցում գտնվող գյուղատնտեսական շուկան, նախորդ տարվա պես, վերսկսել է իր աշխատանքները: Մայրաքաղաքի բնակիչների, ինչպես նաեւ գյուղացիների առաջարկով «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ բացվել է եւս մեկ տոնավաճառ: Գյուղմթերքի տոնավաճառներից յուրաքանչյուրին 150 գյուղացիական տնտեսություն է մասնակցում, եւ իրացվում է 40-50 տեսակ գյուղմթերք: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը, հարկ եղած դեպքում, պատրաստ են աջակցել եւս մեկ տոնավաճառի բացմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում