Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել սիրիահայ 41 ընտանիք

Հայաստանում կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 
սիրիահայ 41 ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ օգոստոսի 21-ին կայացել է սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սփյուռքի նախարարությունից, նախարար Հակոբյանը նշել է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվող գլխադասային գերատեսչությունն է եւ, սկսած փետրվարից, զբաղվում է սիրիահայերի հիմնախնդիրներով: Նախարարն ընդգծել է, որ Հայաստան ժամանած սիրիահայերի կողմից բարձրացվում են կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի և մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցեր, որոնք դասակարգվում են և վերահասցեագրվում համապատասխան պետական կառավարման մարմիններին:

ՀՀ սփյուռքի նախարարության կողմից սիրիահայերի հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացրել է նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է, որ կացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան:

ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի պարզաբանմամբ` նախարարություն դիմած և բժշկական օգնության կարիք ունեցող բոլոր սիրիահայերը ստանում են պատշաճ բուժսպասարկում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 1-ին տեղակալ Արայիկ Պետրոսյանը տեղեկացրել է, որ հանձնարարական է տրվել զբաղվածության կենտրոններին առաջնահերթության կարգով բավարարել սիրիահայերի խնդրանքները:

Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրությամբ քննվել են կրթության ոլորտին վերաբերող խնդիրները, հատկապես` սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման և զիջման տարբերակները, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դպրոցի հիմնմանն առնչվող հարցեր:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրել է սահմանային կետերում մուտքի վիզաների տրամադրման, հեշտացված ռեժիմով վիզաների և անձնագրերի տրամադրման, քաղաքացիության ստացման  գործընթացները,  տեղեկացրել, որ չեն կիրառվել ժամկետանց վիզաների դեպքում սահմանված տույժերը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ստանալիս ծննդյան վկայականների բացակայության դեպքում հիմք են ընդունվում ազգությունը հաստատող այլ փաստաթղթերը:

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել շրջաբերականով տեղեկացնել բանկերին առավել մեծ ուշադրութուն  դարձնել բանկերում հաշիվներ բացել ցանկացող սիրիահայերի սպասարկմանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ամառային ճամբարներում տեղավորված երեխաների հանգստի կազմակերպման աշխատանքները, նշեց, որ շուտով սպասվում է Հալեպից ևս 150 դպրոցականների ժամանում:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը նշել է, որ Սիրիա մեկնողների համար նախատեսվել են լրացուցիչ չվերթներ:

Առաջիկայում ՀՀ արդարադատության և էկոնոմիկայի նախարարությունների աջակցությամբ կպատրաստվեն թերթոններ, որոնց միջոցով սիրիահայերը մատչելի կերպով կտեղեկանան իրենց հուզող հարցերի իրավաօրենսդրական կարգավորումներին:

Աշխատանքային ժողովի ընթացքում  ՀՀ սփյուռքի նախարար Հակոբյանը շնորհակալություն է հայտնել  գերատեսչությունների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար` կարևորելով, որ բոլոր հարցերը ստանում են օպերատիվ լուծումներ:

Օգոստոսի 22-ին` ժամը 16:00-ին,  ՀՀ սփյուռքի նախարարությունում կկազմակերպվի հավաք-խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև ավելի քան 100 սիրիահայեր: Հանդիպմանը ներկա կլինեն սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]