Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում ապաստանած սիրիահայերի 10 տոկոսը մտադիր է հաստատվել այստեղ

Հայաստանում ապաստանած սիրիահայերի 10 տոկոսը մտադիր է 
հաստատվել այստեղ

ԵՐԵՎԱՆ, 18  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քաղաքական լարված իրադրության հետեւանքով Հայաստանում իրենց ապաստանն են գտել 2000 սիրիահայեր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը, նրանցից 270-300-ը վերջնականապես որոշել են հաստատվել Հայաստանում, իսկ մնացածը մտադիր են վերադառնալ Սիրիա` այնտեղ իրավիճակը հանդարտվելուց անմիջապես հետո:

Սիրիահայերը Հայաստանում աշխատանք են փնտրում

Ֆիրդուս Զաքարյանը մանրամասնեց, որ Հայաստանում սիրիահայերի գլխավոր խնդիրն աշխատանքի տեղավորվելն է: Ոմանց մասնագիտությունը չի համապատասխանում առաջարկվող աշխատանքին, մի քանիսն էլ հոգեբանորեն պատրաստ չեն: «Սիրիահայերից շատերը չեն համակերպվում աշխատանքի վարձատրության հետ` նշելով, որ Սիրիայում իրենց աշխատավարձերը համեմատաբար բարձր էին»,-ասաց նա:

Հայաստանում աշխատանք գտնելու դժվարությունները սիրիահայերի համար փորձում է մեղմել Հայաստանի գործատուների միությունը, որն արդեն հայտարարություն է տարածել` նշելով, որ պատրաստ է անվճար խորհրդատվություն տրամադրել սիրիահայերին` Հայաստանում գործարարությամբ զբաղվելու համար: Սիրիահայերին առաջարկվում է աշխատանք ծառայությունների, արագ սննդի ոլորտներում, փոքր արտադրություններում, օրինակ` արեւելյան հրուշակեղենի արտադրության ոլորտում, որում սիրիահայերը մասնագիտացած են: Միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ տարածած հայտարարությամբ դիմել են մի քանի սիրիահայեր, որոնցից չորսի հետ արդեն աշխատանքներ են տարվում: «Մեկը սարքաշինության եւ տեխնոլոգիական հոսքագծերի արտադրության ֆաբրիկայի հիմնադրմանն է վերաբերվում, երկրորդը շարժիչների էլեկտրական մասերի վերանորոգմանը եւ դրանք եվրոպական կոմպոնենտներով վերազինելուն, երրորդը կապված է ջրամեկուսիչների, չորրորդը ձեթի արտադրության հետ»,-ասաց նա` հավելելով, որ մյուս սիրիահայերի հետ առաջիկայում կհանդիպեն` վերջիններիս Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առաջարկությունները քննարկելու համար:

Մակարյանի խոսքով` սիրիահայերից շատերին խորհուրդ էին տվել շահավետությունից ելնելով հարեւան Վրաստանում սկսել իրենց բիզնեսը, սակայն նրանք նախընտրել են հայրենիքում գործարարությամբ զբաղվել:

Սիրիահայեր ուսանողների ուսման վարձավճարները կկրճատվեն 

Սիրիահայերի կրթության կազմակերպման խնդիրները եւս Հայաստանում լուրջ ուշադրության են արժանանում. Ֆիրդուս Զաքարյանը տեղեկացրեց, որ նրանց համար արեւելահայերենի արագ ուսուցման դասընթացներն արդեն մեկնարկել են, գործող խմբին միացել է 30 հոգուց կազմված երկրորդ խումբը: «Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ սիրիահայ դպրոցական երեխաների հաշվառում է սկսվել, եւ եթե համապատասխան թվով երեխաներ լինեն, հնարավոր է, որ սիրիահայերի համար որեւէ դպրոցում առանձին դասարան բացվի, սակայն դա դեռ տեսական խնդիր է»,-ասաց նա:

Անդրադառնալով սիրիահայերի համար բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրներին` Զաքարյանը նշեց, որ հիմնական խնդիրը սիրիահայ ուսանողների բարձր վարձավճարն է, որը կրճատելու ուղղությամբ արդեն իսկ քայլեր ձեռնարկվել են, իսկ արդյունքները կերեւան առաջիկայում:

Սիրիահայ երեխան պետք է ծնվի խաղաղ պայմաններում

ՀՀ առողջապահության նախարարությունը, նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարականով` սիրիահայերի առողջական խնդիրների մասին «մտահոգվում» է դեռ օդանավակայանից սկսած: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ, սիրիահայերի հարցերով զբաղվող Հայկ Դարբինյանը, յուրաքանչյուր չվերթից հետո շտապօգնության բուժանձնակազմն ու հոգեբանները պատրաստ են անվճար օգնություն տրամադրել դրա կարիքն ունեցողներին: «Եթե սիրիահայերին Հայաստանում կացարան, սնունդ են տալիս, ինչու պետք է անվճար բուժօգնություն չտրամադրեն: Մենք պատրաստ ենք սիրիահայերին օգնելու առողջական խնդիրները հաղթահարելու հարցում»,-ասաց նա: Նախարարություն է դիմել սիրիահայ մի կին, ով առաջիկա օրերի ընթացքում պատրաստվում է մայրանալ: Նրա ծննդօգնությունը կկազմակերպվի պատշաճ մակարդակով: 

Սիրիայում մեկ տարուց ավելի շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է ավելի քան 19 հազար մարդ: Զոհերի թվում 12 հազարից ավելի խաղաղ քաղաքացիներ են: Հայկական համայնքը մեկ տասնյակից ավելի զոհ է տվել, այդ թվում` սիրիական բանակի զինվորներ: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ պետություններում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայից դիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]