Հասարակական

«Արմավիա»-ն հրաժարվել է Superjet 100-ից` բացառապես ինքնաթիռի ոչ շահավետ լինելու պատճառով

2 րոպեի ընթերցում

«Արմավիա»-ն հրաժարվել է Superjet 100-ից` բացառապես ինքնաթիռի ոչ շահավետ լինելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուխոյ սուպերջեթ 100» ինքնաթիռները շահագործման համար տնտեսապես շահավետ չեն: Այս մասին հայտարարեցին Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունում` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Յուրի Սլյուսարի հայտարարությունը, ըստ որի` «Արմավիա»-ն հրաժարվել է ռուսական «Սուխոյ» ընկերության երկրորդ ինքնաթիռը ձեռք բերելու մտադրությունից` ֆինանսական խնդիրների եւ բաժնետիրոջ փոփոխության պատճառով:

Յուրի Սլյուսարն Ինդոնեզիայում փորձնական թռիչքի ժամանակ խորտակված«Սուխոյ սուպերջեթ 100» ինքաթիռի վթարի հանգամանքների հետաքննության գործում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն է: «Երախտապարտ ենք «Արմավիա»-ին առաջին օդանավը ձեռք բերելու համար, ցավալի է, որ հրաժարվել են երկրորդից: Խնդիրը ոչ թե վատ ինքնաթիռն է, այլ ընկերության ֆինանսատնտեսական խնդիրները եւ բաժնետիրոջ փոփոխությունը»,- նշել է նա:

Ավիացիոն շրջանակները «Սուխոյ սուպերջեթ 100» օդանավերի տնտեսական ոչ շահավետությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ դրանց սպասարկման եւ պահեստամասերի արժեքը նույնքան է, որքան Airbus եւ Boeing ինքնաթիռներինը: Այսինքն` «Արմավիա»-ն նոր Superjet 100 ձեռք բերելու փոխարեն կարող է Airbus կամ Boeing ձեռք բերել` դրանով էլ հերքելով ֆինանսական խնդիրների մասին տեղեկությունները:

«Արմենպրես»-ը սպասում է բաժնետիրոջ փոփոխության հայտարարության առնչությամբ «Արմավիա»-ի պաշտոնական պատասխանին:

Մինչ այս չդադարող նմանատիպ հայտարարություններին «Արմավիա»-ն բազմիցս արձագանքել է, որ բաժնետոմսերի վաճառքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում