«Նավասարդ-թոնրատոն» փառատոնը կմեկնարկի Ծաղկունք համայնքում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նավասարդ-թոնրատոն» ավանդական 5-րդ փառատոնը տեղի կունենա օգոստոսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 8-ին հրավիրված ասուլիսում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ փառատոնը նպատակ ունի ներկայացնելու ոչ միայն թոնրի միջոցով պատրաստվող հայկական կերակրատեսակները, այլեւ միտված է դրանց պահպանմանը:«Մեր հայացքները համընկան փառատոնի կազմակերպիչների հետ` փառատոնի անցկացման հարցում, քանի որ թոնրատոն անցկացնելու գաղափար մենք վաղուց ունեինք»,- նշեց Մամուլյանը: Տոնակատարության գլխավոր ուտեստը լինելու է քաշիկան, որը թոնրի մեջ պատրաստվող հարիսան է: Մամուլյանի դիտարկմամբ, փառատոնը եւս մեկ հարմար առիթ է աշխարհին հայկական ազգային կերակուրները ներկայացնելու համար:
Փառատոնի մեկնարկն ավանդաբար կտրվի Հայ Նահապետի հուշարձանի մոտ պսակադրման հանդիսավոր արարողությամբ:«Թոնրատոնի հիմնական միտքը հայապահպանությունն է, ազգային արժեքների վերականգնումը, այն ազգային միասնության տոն է»,- ասաց «Սերունդ» հայապահպան միավորում հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով`մեր պետական տոնացույցն այդքան հարուստ չէ ազգային տոներով, եւ «Նավասարդ-թոնրատոն»-ը քայլ է ազգային տոնակատարությունը ժողովրդին վերադարձնելուն:Չոբանյանի հավաստմամբ` Նավասարդի օրերին հայերը չէին սահմանափակվում միայն առատ սեղաններով. տոնը ուղեկցվում էր երգ ու պարով, տարատեսակ խաղերով:
«Դար» հիմնադրամի համակարգող Տիգրան Հակոբյանը տեղեկացրեց, որ տոնկատարության վայրի` Ծաղկունք գյուղի ընտրությունը նույնպես պատահական չէ:«Ծաղկունքի գեղեցիկ բնությանը հնարավոր չէ չսիրահարվել. այստեղ իրականանում են նաեւ մի շարք կրթական եւ սոցիալական ծրագրեր»,- ասաց Հակոբյանը:
Փառատոնի շրջանակներում անցկացվելու է Հայ գրատպության պատմության վերաբերյալ դասախոսություններ, ցուցադրվելու են պատմաբան Արտակ Մովսիսյանի «Տիգրան Մեծ», «Նեմրութ» եւ «Տպագրություն» փաստավավերագրական ֆիլմերը, տեղի է ունենալու տոնական համերգ եւ Նավասարդյան խաղեր: Փառատոնին մասնակցելու են ազգագրական համույթներ, մարզական եւ մշակութային կազմակերպություններ: