Տնտեսություն

Գյուղմթերքն այս տարի էժանացել է, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արժեքն` աճել

2 րոպեի ընթերցում

Գյուղմթերքն այս տարի էժանացել է, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արժեքն` աճել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում զգալի տեղաշարժեր են արձանագրվել: Նախ ավելացել են ցանքատարածությունները` նախորդ տարվա շուրջ 287 հազար հեկտարից հասնելով 312 հազար հա-ի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից, ընթացիկ տարում ավելացել են հացահատիկի, կարտոֆիլի և այլ մշակաբույսերի ցանքատարածությունները: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` գյուղատնտեսական արտադրանքի արժեքը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 8.1 տոկոսով և կազմել 203.6 միլիարդ ՀՀ դրամ: Աճն ապահովվել է բուսաբուծության և անասնապահության արտադրանքի ավելացման հաշվին:

Առաջին կիսամյակի արդյունքներով`ամենաբարձր ցուցանիշերն արձանագրվել են պտղի արտադրության բնագավառում: Օգոստոսի յոթի օպերատիվ տվյալներով` հանրապետությունում հավաքվել է շուրջ 58 հազար տոննա պտուղ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է մոտ 1.9 անգամ: Ընթացիկ տվյալները վկայում են, որ բուսաբուծության ոլորտում համախառն արտադրանքի զգալի աճ կլինի: Ավելացում է կանխատեսվում նաև կաթի, ձվի և մսի տարեկան արտադրությունում:

Գների նվազում արձանագրվել է բուսաբուծական հիմնական մթերքների գծով:

Օգոստոսի յոթի դրությամբ` պտուղ-բանջարեղենի և խաղողի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև ընդհանուր հաշվով կնքվել է 5071 պայմանագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական տնտեսություններին տրամադրվել է 196 միլիոն դրամ կանխավճար, 198 միլիոն դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն: Պայմանագրերի կնքման գործընթացն ընթացքի մեջ է:

Նախորդ տարվա օգոստոսի 7-ի` շուրջ 9400 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի արտահանվել է մոտ 16 հազար 563 տոննա, իսկ վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 9366 տոննա պտուղ- բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 6870 տոննայի փոխարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում