Զինված հակամարտությունը Կոնգոյում սպառնում է վերածվել հումանիտար աղետի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում կառավարական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ ծագած զինված հակամարտությունը կարող է հանգեցնել մարդասիրական աղետի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակորչելով Euronews-ը, շուրջ 280 հազար մարդ ստիպված է եղել փախչել երկրից` փրկվելու համար:
Բացի բախումներից խուսափելուց` մարդիկ նաեւ պայքարում են խոլերայի համաճարակի դեմ, որն իր հերթին առանձին գլխացավանք է: Հիվանդությունը հիմնականում տարածվում է երկրի այն շրջաններում, որոնք սահմանակից են Ուգանդային եւ Ռուանդային: Բժիշկները լրջորեն մտահոգված են տիրող իրավիճակով. զինված հակամարտության պայմաններում անհնար է պայքարել անգամ հիգիենայի տարրական կանոնների բացակայության դեմ: «Այստեղ մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնած: Խնդիր կա ջրի հետ, զուգարաններ չկան, կոյուղի ասվածը բացակայում է, ինչը հանգեցնում է վարակի փոխանցմանը եւ հիվանդությունների սրմանը»,-նշել է բժիշկներից մեկը:
Զինված առճակատումը կառավարական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ երկրում շարունակվում է արդեն 3 ամիս: Օգոստոսի 7-ին կկայանա հանդիպում տարածաշրջանի երկրների առաջնորդների միջեւ, որտեղ նախատեսված է քննարկել Կոնգոյում հակամարտության լուծման ուղիները: