«Արմավիա»-ն կիրագործի Երեւան-Հալեպ-Երեւան լրացուցիչ երկրորդ չվերթը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը օգոստոսի 8-ին նախատեսում է իրականացնել Երեւան-Հալեպ-Երեւան լրացուցիչ երկրորդ չվերթը: «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ զուգահեռաբար անխաթար իրականացվում են նաեւ կանոնավոր չվերթերը:
Երեւան-Հալեպ-Երեւան ուղությամբ «Արմավիա» ընկերությունը հուլիսի 9-ից օգոստոսի 6 -ն իրականացրել է ընդհանուր առմամբ 6 չվերթ, որից 5-ը` կանոնավոր, մեկը` լրացուցիչ: Այս չվերթերով տեղափոխվել է 724 ուղեւոր, ընդ որում` Երեւան-Հալեպ ուղղությամբ մեկնել է 131, Հալեպ-Երեւան ուղղությամբ` 593 ուղեւոր:
Հուլիսի 9-ին Բոինգ օդանավով Երեւանից Հալեպ է մեկնել 45, ժամանել` 94 ուղեւոր: Հուլիսի 16-ին մեկնել է 32, ժամանել է 104 ուղեւոր: Հուլիսի 23-ին Երեւանից մեկնողների թիվը 16-ն է, ժամանողներինը` 105: Հուլիսի 30-ին Airbus օդանավով մեկնել է 20 ուղեւոր, ժամանել է 139-ը: Օգոստոսի 2-ին լրացուցիչ չվերթով SAG -200 օդանավովմեկնող ուղեւոր չի եղել, ժամանողները 50-ն են եղել: Օգոստոսի 6-ին կանոնավոր չվերթով Բոինգ օդանավով մեկնել է 17, ժամանել է 101 ուղեւոր: Ազգային ավիափոխադրողը Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը հատուկ վերականգնել է հուլիսի 9-ից՝ Սիրիայում նկատվող պայթունավտանգ իրավիճակից ելնելով: