Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միգրացիոն ռիսկերի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը բավականին ցածր է


ԿԱՊԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում արտագաղթի տեմպերն այնքան մեծ չեն, որքան մյուս մարզերում: Միգրացիոն ակտիվությամբ հանրապետությունում աչքի են ընկնում հատկապես Գեղարքունիքի, Շիրակի, Լոռիի մարզերը: Այս մասին նշվեց միգրացիայի խնդիրների լուծման` 2012-2016թթ. գործողությունների ազգային  ծրագրի շրջանակներում օգոստոսի 3-ին Կապանում անցկացված սեմինարի ընթացքում:
            Այն կազմակերպել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը:  Սեմինարին մասնակցում էին մարզում սոցիալական ծառայություններ մատուցող պետական եւ հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները:
            «Սեմինարի նպատակն է բարձրացնել մասնակիցների իրազեկվածության մակարդակը, որովհետեւ նրանք ավելի շատ են շփվում պոտենցիալ միգրանտների հետ: Նաեւ նպատակ ունենք իրական միգրանտներին իրազեկել օրինական միգրացիայի հնարավորությունների, անօրինական միգրացիայի վտանգների ու ռիսկերի մասին», - «Արմենպրես»-ի թղթակցին ասաց Միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Համբարձում Աբրահամյանը:
            Ըստ նրա 1988-ից մինչեւ 2002 թվականը հանրապետությունից արտագաղթել է 1 մլն 150 հազար մարդ, 2002-2007թթ. 750 հազար մարդ մեկնել է հանրապետությունից, վերադարձել` 600 հազարը. բացասական մնացորդը կազմել է 150 հազար մարդ:
            2008 թվականից ի վեր կոնկրետ միգրացիայի չափերի գնահատման ուղղությամբ որեւէ հետազոտություն հանրապետությունում չի կատարվել: «Մենք ունենք միգրացիայի գնահատման տարբեր աղբյուրներ, սակայն այդ գնահատումները վերջնական եւ ճշգրիտ համարել չենք կարող, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են առավելապես ուղեւորահոսքերի պատկերը, իսկ ամեն ուղեւոր դեռեւս միգրանտ չէ: Գործուղման, տուրիզմի, բուժման եւ այլ նպատակներով մեկնողները եւս միգրանտ չեն համարվում: 2008թ-ից սկսած տարեկան միջին հաշվով 25 հազար է կազմում բացասական միգրացիան: Սա եւս սահմանահատումների միգրացիան», - ասաց Աբրահամյանը:
            Սեմինարի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին միգրացիային առնչվող տեսական գիտելիքներ, իրազեկվեցին պետության կողմից խնդրի լուծման նպատակով իրականացվող քայլերին: Նշվեց, որ օրինական միգրացիայի վերաբերյալ հասարակության իրազեկության մակարդակը բավականին ցածր է, ինչն ունենում է իր անցանկալի հետեւանքները: «Այսպես թե այնպես միգրացիոն հոսք կա, եւ պետք է այնպես անենք, որ գոնե միգրանտների իրավունքները եւ շահերը որոշակիորեն պաշտպանված լինեն, իսկ եթե նրանք հայտնվում են անօրինական միգրանտների կարգավիճակում, առավել եւս սահմանափակվում է կառավարության ակտիվ միջամտությունը նրանց իրավունքների պաշտպանությանը», - ասաց Աբրահամյանը:
            Հայաստանից աշխատանքային միգրանտների 90 տոկոսից ավելին մեկնում է ՌԴ: 
            Միգրացիոն պետական ծառայության կողմից Սյունիքում կազմակերպվել է նման երկու սեմինար` Կապանում եւ Գորիսում, որոնց մասնակցել են նաեւ Մեղրիի ու Սիսիանի սոցիալական ծառայության  աշխատողները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am