Տարածաշրջանային

Իրանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2 րոպեի ընթերցում

Իրանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը Թուրքիայում զբոսաշրջությանը հարվածող երկու սահմանափակումներ է մտցրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, Իրանում արգելվել է արտաքին զբոսաշրջությունը գովազդող վահանակների տեղադրումը փողոցներում եւ մարդաշատ վայրերում: Բացի այդ, դադարեցվել է արտասահման մեկնող քաղաքացիներին էժան արտարժույթի վաճառքը:

Այս մասին հայտարարել է Իրանի մշակույթի եւ իսլամական հրահանգավորման նախարարությունը` նշելով, որ այդ սահմանափակումներն արվում են ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Նախարարությունը կրոնական զբոսաշրջության նկատմամբ որեւէ սահմանափակում չի մտցրել:

Մինչ այդ որոշումը Իրանը շուկայական գներից 40 տոկոս էժան արտարժույթ էր վաճառում զբոսաշրջության նպատակով արտասահման մեկնող իր քաղաքացիներին` Թուրքիա մեկնողներին 400 դոլար, այլ երկրներ մեկնողներին` մինչեւ 1000 դոլարի սահմանում:

Փորձագետները զբոսաշրջիկ քաղաքացիների նկատմամբ Թեհրանի այդ սահմանափակումները պայմանավորում են նաեւ Արեւմուտքի` Իրանի դեմ պատժամիջոցներով: Սակայն Թեհրանի սահմանափակումները մեծ հարված են հասցրել թուրքական զբոսաշրջությանը, քանի որ իրանցիները հիմնականում հանգստանում են Թուրքիայում: Նշվում է, որ հիշյալ սահմանափակումների պատճառով Իրանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը 2012 թ-ի առաջին կեսին 39 տոկոսով նվազել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում