Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անին հպարտորեն դիմանում է թուրքական բարբարոսությանը. հազար ու մի եկեղեցիների քաղաքը ՖՈՏՈՇԱՐՔՈՎ

Անին հպարտորեն դիմանում է թուրքական բարբարոսությանը. 
հազար ու մի եկեղեցիների քաղաքը ՖՈՏՈՇԱՐՔՈՎ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անին իր ավերված եկեղեցիներով ու բերդապարիսպով այսօր էլ գտնվում է զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: 10-րդ դարում Բագրատունիների մայրաքաղաք հռչակված Անին թեպետ երբևէ չի ունեցել 1000 ու մի եկեղեցի, սակայն այս անվանումը մշտապես տրվել է քաղաքին Արևելքում մեծ հռչակ ձեռք բերելու համար: «Արմենպրես»-ի թղթակիցը Արևմտյան Հայաստան կատարած իր ուղևորությունը եզրափակել է հենց Հայաստանի 11-րդ մայրաքաղաք կատարած այցելությամբ, տեսել հայկական կիսավեր, բայց միևնույն ժամանակ դեռ կանգուն եկեղեցիները:

«Սկզբում ճանապարհն անցնում էր ամայի դաշտի միջով, սակայն շուտով երևաց Անիի բերդապարիսպը, որը, չնայած իր կիսականգուն տեսքին, միևնույնն է, շարունակում էր հպարտորեն դիմավորել իր այցելուին: 

Պարսպի մուտքի մոտ` դարպասի ամենավերևում, պահպանվել էր Բագրատունյաց տոհմի զինանշանը` սլացող առյուծը, որն ասես զգաստացնում էր բերդի պարիսպներից ներս մտնողին` հիշեցնելով, թե ովքեր են քաղաքի իրական տիրակալները:

Ծանր էր պատկերը, որին ականատես եղանք քաղաք մտնելուց հետո. հազար ու մի եկեղեցիների քաղաքում մնացել էին ընդամեը 9 եկեղեցի, այն էլ` կիսավեր: Առաջին եկեղեցին, որին մոտեցանք, Տիգրան Հոնենցն էր, որը հայտնի է նաև Սուրբ Գրիգոր անունով:

Գեղեցիկ էին հատկապես եկեղեցու ներսում արված որմնանկարները: Սակայն մուսուլմանական ատելությունն ու թշնամանքը հասել էին այն աստիճանի, որ թուրքերը փորել էին տաճարում պատկերված սրբի աչքերը: Հետաքրքիր է, որ այս եկեղեցին մյուսների համեմատ գտնվում էր բարվոք վիճակում: Թուրքական իշխանությունները կարգի էին բերել եկեղեցին, և միայն կիսատ մնացած գմբեթն էր, որ խանգարում էր եկեղեցու ամբողջականությանը: Թեպետ թուրքական կառավարությունը գմբեթի վերականգնումը կիսատ թողնելը հիմնավորել էր նրանով, որ պարզապես հնարավոր չէ վերականգնել այն իր նախնական ամբողջական տեսքով, այդուհանդերձ, ակնհայտ էր այս արարքի տողատակը. թուրքերն այս կերպ պարզապես ցանկացել էին խուսափել եկեղեցու վրա վերականգնումից հետո խաչ դնելու շուրջ հետագա բարդություններից: Հաջորդ եկեղեցին Սուրբ Փրկիչն էր, որ թեպետ կիսաքանդ վիճակում էր, սակայն, միևնույն է, անտարբեր չէր թողնում իր կողքով անցնողին: 

 

Պահպանվել է եկեղեցու ընդամենը մեկ երկրորդ հատվածը, սակայն այդ հատվածն էլ թույլ է տալիս պատկերացում կազմել, թե քարի հայ վարպետները ճարտարապետական ինչպիսի միտք են ունեցել, ու դարեր առաջ ինչպիսի հրաշք է այստեղ վեր խոյացել: 

Հաջորդը Անիի Մայր տաճարն էր: Այն կանգուն էր նաև կիսամեռ միաժամանակ: Հեռվից եկեղեցու խրոխտ տեսքն անմիջապես վերանում էր, երբ մոտիկից տեսնում էիր տաճարի խարխուլ պատերն ու կիսափլված գմբեթը:

Հնարավոր չէ պատկերել, թե ինչպիսի զգացում ես ունենում փլված գմբեթի միջով տեսնելով երկինքը, որն այնքան կապույտ էր, որ թվում է` երբեք այս հողերում ոչ մի ցավ չի էլ եղել:

Հեռվում երևում էր Հռիփսիմյան կույսերի վանքը, որտեղ թուրքական իշխանությունները նախատեսել էին վերանորոգման աշխատանքներ անցկացնել: 

Սկզբում այդ փաստն ուրախալի թվաց մեզ, սակայն հետաքրքիր է` արդյոք թուքերն այս վերանորոգումը չեն օգտագործի հայկական կոթողի վրա հայկականության հետքերը վերացնելու համար:

Առջևում զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին էր, որից այսօր գրեթե ոչինչ չէր մնացել: 

Այսօր պահպանված խոյակները, կամարները, սյուներն ու զարդանախշերը թեթեւ արտացոլանքն էին այն հրաշքի, որը ստեղծվել է դարեր առաջ, սակայն ընդամենը 10 տարվա կյանք էր ունեցել` ավերվելով երկրաշարժից: Եվ վերջապես վերջին հրաշքը, որին ականատես եղանք, Առաքելոց եկեղեցին էր, որը զարմացրեց իր ճարտարապետական լուծումներով: 

Այսքան շրջելու ընթացքում ցուցանակներից և ոչ մեկի վրա վկայություն այս եկեղեցիների հայկականության մասին մենք չհանդիպեցինք: Միայն մի ցուցանակի վրա էր նշվում «հայ» բառը, այն էլ բացասական իմաստով. ավերված մզկիթի մոտ դրված ցուցանակում նշվում էր, որ մինարեն փլուզվել է «հայ քահանայի կողմից պայթեցվելու արդյունքում»: Թեպետ Անին եկեղեցիների մայրաքաղաք էր, սակայն արդեն մի քանի դար այստեղ պատարագ չի մատուցվել, եկեղեցիներում խունկ չի ծխվել եւ աղոթք չի կարդացվել: Այնպիսի տպավորություն էր, որ քաղաքն ուժասպառ է թուրքական վիավորանքից, իր սուրբ եկեղեցիները թուրք ազգայանականների կողմից շարունակաբար պղծվելուց, բայց և այնպես շարունակում է հպարտորեն դիմանալ: 

Երբ Անիի կողմից կանգնում ես Ախուրյան գետի մոտ և հեռվից տեսնում ես գետի այն ափին գտնվող Հայաստանը, ակամայից մտքիդ են գալիս հայտնի ֆիլմի խոսքերը. «Տունս այնքան մոտ էր, բայց մտնել չէի կարող»... Ցավալի է գիտակցել, որ քեզ քո հայրենիքից է բաժանում ընդամենը մի գետ, ընդամենը մի խղճուկ փշալար: Կիսաավերակ քաղաքը մեծ ազդեցություն է թողնում քեզ վրա և ստիպում անգամ օրեր անց չմոռանալ իր տեսքը, իր կառույցները, որոնք ամեն պահի աչքիդ առաջ են գալիս: Բայց եթե հայտնի երգում խոսվում է Անին տեսնելու և նոր մեռնելու մասին, ապա այս դեպքում հին հայկական մայքաքաղաքը տեսնելը նոր ուժ տվեց ապրելու, հզորանալու, մեր երկիրն ավելի լավը դարձնելու համար, ինչպես նաև հույս` մեկ օր կրկին վերադառնալու այստեղ, սակայն այս անգամ արդեն ոչ հյուրի կարգավիճակով»:

Ճանապարհորդեց Արաքս Կասյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]