Հայ նախարարները կարեւորում են դատախազության դերը պետականության կայացման գործում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած տոն առիթ է անցածը գնահատելու եւ առկա թերությունները շտկելու համար: Հուլիսի 2-ին դատախազության աշխատակցի օրվա առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «ՀՀ դատախազության անցած ուղին զուգահեռվում է հայ ժողովրդին առնչվող վճռորոշ իրադարձություններով, որոնք կապված են մեր նորագույն պատմության հետ: Վստահորեն կարող ենք ասել, որ դատախազությունը կայացած համակարգ է եւ ջանք չի խնայում իր առջեւ դրված խնդիրների լուծման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նախարարը: Խնդիրների լուծումը նախարարը կարեւորում է նաեւ պետականության հիմքերի ամրապնդման առումով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը նկատեց, որ պետական մակարդակով դատախազության աշխատողին արժեւորելը` պետականության ամրապնդման լավագույն երաշխիքներից մեկն է: Նա վստահություն հայտնեց, որ էլ ավելի կամրապնդվի աշխատանքային փոխգործակցության կապերն ազգային անվտանգության ծառայության եւ դատախազության միջեւ` ի շահ մեր պետության եւ քաղաքացու պաշտպանության:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իրեն համարում է դատախազության համակարգի անդամ, քանի որ իր ակունքները սկսել են այդտեղից: «Դուք իմ ընտանիքն եք, եւ մենք դատապարտված ենք միասին աշխատելու»,-նշեց Գասպարյանը:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարեւորեց դատախազության բացառիկ դերը երկրի օրինականության ամրապնդման, հասարակության անդամների շահերի պաշտպանության գործում:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` դատախազությունը հպարատանալու շատ բան ունի եւ ունի նաեւ տեսլականներ, որոնց պետք է հասնել:
Դատախազության աշխատակցի օրվա առթիվ ուղերձ էր հղել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով նույնպես կարեւորել էր դատախազության դերը պետականության կայացման գործում:
Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները խրախուսվեցին «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» մեդալներով:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պարգեւտրվեց արժեքավոր նվերով, իսկ մի շարք աշխատակիցներպարգեւտրվեցինմարտական համագործակցության մեդալով:
Ոստիկանապետի հրամանով` գլխավոր դատախազը պարգեւատրվեց «Օրենքի պատվար» մեդալով: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգեւատրվեցին դատախազության աշխատակիցները:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրվեցին մի շարք աշխատակիցներ: