Հայաստանի մարտարվեստի միությունն ակտիվ գործունեություն է ծավալում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտարվեստի միությունն արդեն 15-րդ տարին Է` գործում Է, որը միավորում Է տարբեր մարտարվեստների, այդ թվում՝ մարտական մարզաձեւերի՝ ուշու, ձյուդո, կարատե-դո,սամբո եւ այլ մարզաձեւերի ներկայացուցիչներին:
Միության գործունեության մասին «Արմենպրես»-ը զրուցել Է ՀՀ մարտարվեստի միության նախագահ, ուշու-սանդայի ՀՀ վաստակավոր մարզիչ, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանի հետ:
-Պրն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում միության գործունեությունը:
-Հայաստանի մարտարվեստի միության ստեղծումը ժամանակի պահանջն Էր մի քանի պատճառներով:
Նախ անհրաժեշտ Էր ունենալ մի կազմակերպություն, որը պետք Է համակարգեր այս բավականին նուրբ եւ պատասխանատու ոլորտի մասնագետների աշխատանքը, ընդհանուր աշխատանքի հեռանկար ապահովել եւ կարգավորել իրավիճակն այս դաշտում այն առումով, որ մարտարվեստը շատ յուրահատուկ ոլորտ Է. այն կապված Է մարդկանց անվտանգության եւ առողջության հետ, եւ պետությունը բոլոր դեպքերում պետք Է այն պահի իր վերահսկողության տակ:
Բնութագրելով մեր կազմակերպությունը` կարող եմ ասել միայն, որ այն միավորում Է 5000-ից ավելի մարդկանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ Արցախում այն ապահովում Է տարբեր ֆեդերացիաների ակտիվ համագործակցությունը, կարգավորում Է իրավիճակը այս ոլորտում, նպաստում Է ազգային մարտարվեստի զարգացմանը, մասնագետների աշխատանքին եւ պրոֆեսիոնալ աճին:
-Ինչպի՞սի միջոցառումներ Է անցկացնում միությունը:
-Մեր կարեւորագույն նպատակն Է միության անդամներին դաստիարակել ազգային ոգով, նպաստել երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ այս ուղղությամբ մենք ակտիվորեն համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, աջակցություն ենք ցուցաբերում ազատամարտիկներին, վետերաններին: Բացի զուտ սպորտային մրցումներից, կազմակերպում ենք նաեւ սեմինարներ մարզիչների, մասնագետների համար:
-Ի՞նչ ծրագրեր ունի միությունն առաջիկայում:
Մենք ցանկանում ենք մարտարվեստին հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գոտիներում:Այնտեղ դա հատուկ կարեւորություն ունի եւ, իսկապես, կարող Է մարտական նշանակություն ունենալ: Դա թույլ կտա նաեւ տեղում մարդկանց աշխատանքով ապահովել, իսկ երիտասարդներին ու պատանիներին՝ մարտարվեստի եւ սպորտի զբաղմունքով: Կարծում եմ` դրա նշանակությունը հիմնավորելու որեւէ կարիք չկա:
Արժե նշել, որ մեր միությունը ակտիվորեն համագործակցում Է պետական, մարզական կառույցների հետ: