Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Բարերարների ճեմուղում դեռ նոր արձաններ չեն լինի

18:16, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բարերարների ճեմուղին շահագործման կհանձնվի ապրիլի երկրորդ կեսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կամո Սարգսյանը, ճեմուղում արձանների հավելումներ այս տարվա ընթացքում չեն սպասվում: Նոր արձանների կարելի է սպասել 2013-ին:

Ճեմուղում տեղ են գտել արձանների նախագծման մրցույթում հաղթող ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հեղինակած արձանները: Բարերարների ճեմուղու համար նախատեսված տարածքը Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածն է` Միքայել Նալբանդյանի արձանի հարեւանությամբ: Ճեմուղում արդեն տեղադրված է 7 արձան, որոնցից մեկը հայ բարերարի ընդհանրական կերպարն արտացոլող կոթող է: Ճեմուղում տեղադրված են նաեւ Հովհաննես եւ Հովակիմ Լազարյան եղբայրների, Ալեքսանդր Մանթաշյանի, Պողոս Նուբարի, Գալուստ Գյուլբենկյանի, Ալեք Մանուկյանի, Միքայել Արամյանի արձանները: Արձանների տեղադրմանը զուգահեռ ճեմուղին նաեւ բարեկարգվել է:

Բարերարների ճեմուղում արձանների տեղադրման գործընթացը շարունակական բնույթ է կրելու: Ապագայում ճեմուղին կհարստանա այն բարերարների արձաններով, ովքեր իրենց գործունեության ընթացքում մեծ հետք են թողել հայոց պատմության մեջ, լուրջ ներդրում կատարել Հայաստան-Սփյուռք գործակցության հարցում, մասնակցել Հայաստանի համար կարեւոր ազգային ծրագրերի իրականացմանը: Նախատեսված չափանիշերից է նաեւ այն, որ բարերարի մահվանից առնվազն 10 տարի պետք է անցած լինի:

Դիտվել է 82 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ