ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կհետեւի երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) որոշել է Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Կարիքների գնահատման» առաքելության զեկույցում:
ԺՀՄԻԳ-ի առաքելությունը Հայաստանում հանդիպումներ է ունեցել իշխանությունների, ընտրական հանձնաժողովների, քաղաքական կուսակցությունների, լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Հիմնական մարտահրավեր է մնում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը բոլոր շահագրգիռ կողմերի հավասար եւ պատշաճ մասնակցությունը»,- ասվում է զեկույցում:
ԺՀՄԻԳ առաքելության գնահատմամբ` իշխանությունների կողմից ընտրությունների նախապատրաստումն ընթանում է բնականոն եւ նորմալ հունով:
Առաքելությունն ընդդծում է նաև, որ առաջին անգամ հնարավոր է լինելու ընտրողների ցուցակները ներբեռնել ինտերնետից:
Զեկույցում շեշտվում է, որ Հայաստանի իշխանություններն արտահայտել են թափանցիկ եւ ԵԱՀԿ չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց հստակ մտադրությունը: