ԱՄՆ լրագրողների պաշտպանության հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին
2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (CPJ) խոսքի ազատության իր տարեկան զեկույցում խստորեն քննադատել է Ադրբեջանին: Զեկույցի` Ադրբեջանի վերաբերյալ բաժնում ասվում է, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի պատրաստության շեմին երկրի իշխանությունը շարունակում է չհանդուժել ԶԼՄ-երում իր մասին քննադատություններին, իսկ մտացածին մեղադրանքով ձերբակալված լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեւը ազատ է արձակվել բանտում 4 տարի պահվելուց հետո, այն էլ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նրան ազատելու մասին պահանջ ներկայացնելուց հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում զգայուն թեմաների շուրջ կարծիք հայտնող լրագրողների դեմ հարձակումներն անպատիժ են մնում: Իսլամի եւ կառավարության մասին քննադատական հոդվածների համար գրող հրապարակախոս Ռաֆիգ Թաղին հարձակման է ենթարկվել փողոցում եւ մահացել ստացած դանակի վերքից:
«Ըննդիմադիր «Ազադլըգ» թերթի աշխատակիցներ Ռամին Դեկոն եւ Սեյմուր Հազիեւը ամռանը ծեծի են ենթարկվել: «Խուրալ» թերթի աշխատակիցը տարվա վերջին ձերբակալվել է անհիմն մեղադրանքներով: Մարդու իրավունքների մասին վավերագրական ֆիլմ նկարահանող Շվեդիայի հեռուստատեսության աշխատակիցները արտաքսվել են Ադրբեջանից, Ռուսաստանցի մի լրագրողի Ադրբեջան մուտքն արգելվել է նրա` ազգությամբ հայ լինելու պատճառով: The Washington Post եւ The New Jork Times թերթերի ամերիկացի լրագրող Ամանդա Էրիքսոնն ու Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի բրիտանացի աշխատակից Կելիա Դեվիսը հունիսին Բաքվում հարձակման են ենթարկվել: Սեպտեմբերին հարձակում է կատարվել Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի թղթակից Իդրաք Աբբասովի տան վրա: Հարձակվողների ինքնությունը չի բացահայտվել», -ասվում է ԱՄՆ լրագրողների պաշտպանության հանձնաժողովի զեկույցում: