Տարածաշրջանային

Թուրքիան վերադառնում է 1980-ականների ռազմական ավտորիտար ռեժիմին

2 րոպեի ընթերցում

Թուրքիան վերադառնում է 1980-ականների ռազմական ավտորիտար ռեժիմին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հանրահայտ Newsweek հանդեսը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) եւ նրա ղեկավար, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի մասին խիստ քննադատական հոդված է հրապարակել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում ամերիկյան հանդեսը հայտնում է, որ Թուրքիայում կառավարությանը քննադատող լրագրողները նետվում են բանտերը, խոսքի ազատությունն էլ երկրում` սահմանափակվում է:

«Էրդողանի Թուրքիայում իշխող կուսակցության քաղաքական մրցակիցներին ճնշում են դատարաններն ու ոստիկանությունը: Նրանք ամիսներով, նույնիսկ` տարիներով մնում են բանտերում` սպասելով իրենց դատավճռին, ընդդիմադիր կարծիք ունեցող գործարարներին սնանկացնող հարկային պատիժներ են սահմանվում: Մամուլի ազատության ինդեքսում Թուրքիան նշվում է 148-րդ տեղում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անցյալ տարի Թուրքիայի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ 174 դատավճիռ է կայացվել:

Էրդողանն այդպես էլ չկատարեց Թուրքիա «բարձր ժողովրդավարություն բերելու» մասին 10 տարի առաջ իշխանության գալու ժամանակ տված իր խոստումը: Երկրում քրդական խնդիրը լուծելու համար պայքարի ելած 3500-ից ավելի քուրդ քաղաքական գործիչներ եւ ակտիվիստներ են ձերբակալվել, 250-ից ավելի գործող եւ պաշտոնաթող գեներալներ եւ բարձրաստիճան զինվորականներ մեղադրվում են հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Իրական ժողովրդավարության մասին խոսող մարդկանց ձերբակալություններին թուրքական կառավարության բացահայտ աջակցությունը ավտորիտարիզմի ցուցադրությունն է, որի թիվ մեկ զոհը հենց ժողովրդավարությունն է: Էրդողանի Թուրքիան վերադառնում է 1980-ականների ավտորիտար ռազմական վարչակարգին», -գրում է ամերիկյան հանդեսը` նշելով, որ «հեղաշրջած վարչակարգերին չնմանվելու համար հեղափոխականներն առաջինը պետք է դատավոր լինեն հենց իրենց նկատմամբ, իսկ Թուրքիայի խղճուկ իրավական համակարգը ամենալուրջ խոչընդոտն է` Էրդողանի երազած «բարձր ժողովրդավարության» առաջ»,- նշվում է թերթում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում