Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանի բնակիչների ջրամատակարարման բարելավմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» ֆինանսավորման համար Համաշխարհային բանկը 15 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել Հայաստանին: Ծրագիրը կնպաստի ջրի որակի եւ ջրամատակարարման բարելավմանը «Հայջրմուղկոյուղի» ընկերության ծառայությունների մատուցման որոշ տարածքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲ Երեւանի գրասենյակից, ծրագրի արդյունքում կօգտվեն Աշտարակի, Մասիսի եւ Էջմիածնի քաղաքների ու հարակից 15 գյուղական բնակավայրերի ավելի քան 133 հազար բնակիչներ: Ներդրումների շնորհիվ խմելու ջրի մատակարարման տեւողությունը օրական 12 ժամից կհասնի 17 ժամի, կբարելավվի ջրի որակը, կնվազեն ջրի աղտոտման ռիսկերը եւ կբարելավվի հաճախորդների սպասարկման որակը: Բացի այդ, շուրջ 21 հազար բնակիչների տներում կտեղադրվեն ջրաչափեր:
Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ, որոնց ընդհանուր արժեքը 18 միլիոն ԱՄՆ դոլար է, որի 3 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացնի Հայաստանի կառավարությունը: ՎԶՄԲ 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկն ունի 25 տարվա մարման ժամկետ` 10 տարի արտոնյալ ժամկետով: