Գողի թիրախը եղել են բացառապես ավտոմեքենաները
12:18, 22 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով փետրվարի 21-ին ժամը 19.30-ին մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 31-ամյա Արթուր Ե.-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նա 2011 թ. սեպտեմբերին Անդրանիկի փողոցի թիվ 44 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի դուռը բացելով՝ սրահից գողացել է բջջային հեռախոս: Ոստիկանները պարզել են նաև, որ Արթուրը կատարել է համանման մի շարք գողություններ ևս. 2011 թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 44/4 շենքի բակում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի դուռը բացելով՝ սրահից գողացել է ռադիոկապը` պատճառելով 125 հազար դրամի նյութական վնաս, 2011 թ. հոկտեմբերին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված «Ֆիատ-դուկատո» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է հեռուստացույց` պատճառելով 30 հազար դրամի նյութական վնաս: Կրկին նախորդ տարի դեկտեմբերին Շերամի փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի տարանցիկ ավտոմեքենայի հետևի ձախ կողային ապակին հանելով՝ գողացել է 140 հազար դրամի ապրանքներ:
Այս տարի հունվարին կրկին Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 36 շենքի բակում կայանված BMV X-5 մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները` պատճառելով 500 հազար դրամի նյութական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 96 անգամ

Ֆոտոհոսք
RSS
