Արցախում օծվել է Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի թեմի գործող եկեղեցիները համալրվել են ևս մեկով. թեմակալ առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ փետրվարի 19-ինօծվել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեեցու Արցախի թեմի տեղեկատվական համակարգից:
Նախկինում մի քանի եկեղեցիներ ունեցած Վաղուհաս գյուղը խորհրդային շրջանից տասնամյակներով զրկված էր սեփական աղոթատուն ունենալուց: Նոր եկեղեցին սկսվել է կառուցվել 2007թ-ից` ծնունդով վաղուհասցի, ռուսաստանաբնակ գործարար Գրիգորի Հայրապետյանիբարերարությամբ: Եկեղեցու բացումը յուրօրինակ նվեր էր հայրենի գյուղին` Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի առիթով:
Արցախի թեմի առաջնորդը թեմի հոգևորականների դասի հետ նախ սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցին, այնուհետև մատուցել առաջին սուրբ պատարագը:
Պարգև սրբազանը շնորհավորել է վաղուհասցիներին և հորդորել մշտապես վերանորոգել իրենց քրիստոնեական հավատքի ուխտը նորակառույց աղոթքի տանը:Արցախի թեմի առաջնորդը եկեղեցու բարերարին խորհրդանշական հուշանվեր և երախտագիր է հանձնել:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, ուխտավորներ Արցախից, ՀՀ-ից ու ՌԴ-ից:
Արարողության ավարտին տեղի է ունեցել մատաղի բաշխում և ժողովրդական տոնախմբություն: