Գրողների միության նախագահը գտնում է, որ գիրք նվիրելը պետք է կենսակերպ դառնա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գիրք նվիրելու» համահայկական տոնը չորս տարի շարունակ Հայաստանի գրողների միության ջանքերով նշվում է փետրվարի 19-ին: Միության նախագահը գտնում է, որ սա արդեն հաջողություն ունեցող նախաձեռնություն է, որին միացել են ՀՀ կրթության եւ գիտության եւ այս տարի նաեւ Մշակույթի նախարարությունները` կազմակերպելով «Մուտքը գրքով» միջոցառումների շարքը:
«Նշանակում է, որ գիրք նվիրելու շարժումը ոչ միայն մտավորական, հասարակական, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է»,- «Արմենպրես»-ին ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Հայ գրողները գիրք նվիրելու ծրագրեր են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հաստատություններում, մարզերում, մանկական գաղութում, զորամասերում:
Անանյանը շեշտեց, որ Միության գլխավոր նպատակն է, որ գիրք նվիրելու արարողակարգը դառնա կենսակերպ, ազգային ծրագիր:
«Մենք նորից պետք է առանց կարոտախտի վերադառնանք այն ժամանակներին, երբ հայ մայրիկը երեխայի ձեռքը բռնած մտնում է գրախանութ` հոգեւոր սնունդ ստանալու նպատակով»,- պատմեց Անանյանը:
Պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին` Գրողների միության նախագահը նշեց, որ իր բոլոր ժամանակների սիրած հայ հեղինակը Թումանյանն է, արտասահմանյանը` Շեքսպիրը:
«Իմ սեղանի գիրքը Թումանյանի ստեղծագործություններն են, թե քառյակները, թե հրապարակախոսությունը»,- ընդգծեց նա:
Միության նախագահի հավաստմամբ թումանյանական քառյակների միջոցով մատուցում է հայ ժողովրդի բյուրեղացած իմաստությունը, ինչպես նաեւ հրապարակախոսությունը, որը միտված է ապագային, արդիական է բոլոր տասնամյակներում: