Տնտեսություն

ԵՄ հանձնակատարները ողջունում են Հայաստանի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ բանակցությունների մեկնարկը

3 րոպեի ընթերցում

ԵՄ հանձնակատարները ողջունում են Հայաստանի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ բանակցությունների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը որոշում է կայացրել սկսել Հայաստանի հետ բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական հանձնաժողովի մամլո ծառայությունից, բանակցությունները վերաբերելու են ժամանակակից, թափանցիկ և կանխատեսելի առևտրային և ներդրումային միջավայրի ստեղծմանը: Դրանց ընթացքում անդրադարձ կկատարվի կարգավորող նորմերի մոտարկմանը, ինչն էլ ավելի կնպաստի ԵՄ-ի հետ Հայաստանի տնտեսական ինտեգրմանը:

«Բանակցությունների մեկնարկը նշանավորում են Հայաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունների շրջադարձային նոր մեկնարկ: Մենք թևակոխում են տնտեսական հարաբերությունների նոր փուլ, որոնք կբնութագրվեն առավել խորը և հավակնոտ ծրագրերով»,- այս առնչությամբ նշել է ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Կարլ դե Գուխտը:

Հանձնակատարը նաև նշել է, որ ԵՄ-ն հայաստանի առաջին առևտրային գործընկերն է, իսկ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը կտա ավելի մեծ հնարավորություններ եվրոպական միասնական շուկային ինտեգրվելու և Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու համար:

Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով Եմ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն էլ ընդգծել է, որ բանակցությունների մեկնարկը կնպաստի Հայաստանի և ԵՄ-ի քաղաքական և տնտեսական կապերի զարգացմանը: «Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկ քայլ առաջ են տնտեսական ինտեգրման հարցում, ինչն Արևելյան գործընկերության մասնակից պետությունների հետ հարաբերությունների անկյունաքարերից է»,- նշել է հանձնակատարը:

Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը ավելի լայն Ասոցացման համաձայնագրի մաս է կազմում, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ-ի հուլիսից` Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում:

«ԵՄ-ն նպատակ ունի այս երկրում հաստատել քաղաքական կայունություն և անվտանգություն` Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման միջոցով»,- նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Ազատ առևտրի գոտին կուժեղացնի և կդիվերսիֆիկացնի Հայաստանի արտահանման կարողությունները` բացելով 500 միլիոնանոց շուկան:

«Հայաստանը կարիք ունի ստեղծելու կայուն, թափանցիկ և կանխատեսելի տնտեսական միջավայր: Դա նաև խիստ կարևոր է արտաքին ուղղակի ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու և երկարաժամկետ տնտեսական զարգացում ապացուցելու համար»,- շեշտվում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում