Հայաստան է ներկրվել ազոտական պարարտանյութի առաջին խմբաքանակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 2 հազար 865 տոննա բարձրորակ պարարտանյութ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի «Կարմիր բլուր» կայարանում ներկա է գտնվել ներկրված պարարտանյութի վագոնների բեռնաթափմանը։ Կառավարության ղեկավարը տեղում անձամբ է լսել գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված պարարտանյոթի շահառուների մասնագիտական կարծիքը, ովքեր գոհունակություն են հայտնել պարարտանյութի որակից:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տեղեկացմամբ` կառավարության ծրագրով՝ մինչ ապրիլի 10-ը Հայաստան է ներկրվելու, ընդհանուր առմամբ, 25 հազար տոննա ազոտական պարարատանյութ, որը կբավարարի հանրապետության գյուղացիական տնտեսությունների ողջ պահանջարկը:
Պարարտանյութի մեկ պարկը գյուղացիներին է հատկացվելու մատչելի՝ 6 հազար դրամով, շուկայական 8-9 հազար դրամի փոխարեն:Ներկրված պարարտանյութի առաջին խմբաքանակի բաշխումը մեկնարկել է այսօր՝ ըստ մարզային համայնքների հայտերի: Պարարտանյութի` համայնքներ տեղափոխման բոլոր ծախսերը հոգալու է պետությունը:
Սկսվել է նաև գյուղացիներին դիզվառելիքի մատակարարման գործընթացը: Մատակարարվող 12 հազար տոննա դիզվառելիքի մեկ լիտրը գյուղացուն հատկացվելու է 350 դրամով՝ շուկայական 500 դրամի փոխարեն:
Սա ՀՀ նախագահի հանձնարարությամբ գյուղացուն հերթական օժանդակության խոշոր ծրագիրն է:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ առաջին խմբաքանակից Արամավիրի մարզին է հատկացվելու 1500 տոննա պարարտանյութ, որի վարձավճարներն արդեն իսկ հավաքվել են: «Սա լուրջ օգնություն է հանրապետության նախագահի հանձնարարությամբ եւ կառավարության գործունեությամբ հետագա գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Համոզված եմ, որ պարարտանյութի առաջին խմբաքանակը կօգտագործեն հացահատիկային մշակաբույսերի ցանքսերի ուղղությամբ»,-ասաց մարզպետը: