Արթուր Աբրահամը ծննդյան օրը կանցկացնի տանը
17:41, 20 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը փետրվարի 20-ին դարձավ 32 տարեկան:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աբրահամը, ծննդյան օրը նա պատրաստվում է նշել տանը` հարազատների եւ ընկերների հետ:
«Այս տարեդարձիս հնարավորություն է ընձեռվել լինել տանը` ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս հետ: Սովորաբար տանը չեմ նշում, այլ` ժամանցի համար նախատեսված վայրերում: Ուրախ եմ, որ այս տարի այսպես ստացվեց: Տրամադրությունս բարձր է, շրջապատված եմ հարազատ, սիրելի մարդկանցով: Նշեմ, որ սովորություն չունեմ տարեդարձիս տխուր կամ մտամոլոր լինել»,- ասաց Արթուր Աբրահամը:
Նրա առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի Sparkassen-Arena մարզահամալիրում: Աբրահամի հակառակորդի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է անվանի մարզիկին, մաղթում առողջություն եւ նորանոր հաղթանակներ:

Դիտվել է 803 անգամ

Ֆոտոհոսք
RSS
