Սեւանի սառցակալման հերթական զոհը. կարճաղբյուրցի Արամայիս Մանուկյանի դին դեռ չի հանվել լճից
15:42, 20 Փետրվար, 2012ԳԱՎԱՌ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրանալիս փետրվարի 17-ին կեսօրից հետո ջրահեղձ է եղել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանը: Ինչպես «Արմենպրես»-ի` Գեղարքունիքի թղթակցին տեղեկացրեց Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը, Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Դեպքի վայր հասած գյուղացիները եւ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության աշխատակիցները Արամայիսի դին չեն կարողացել հանել ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում: Որոնումները այս պահին էլ շարունակվում են, սակայն գործին առավել խանգարում են դեպքի վայրում կուտակված սառցաշերտերը: Սեւանի ափամերձ համայնքների բնակիչներին մարզի փրկարար ծառայության աշխատակիցները զգուշացրել են չբարձրանալ լճի սառույցների վրա, որոնք կարող են ամեն պահ ջարդվել եւ ողբերգական դեպքերի պատճառ դառնալ:
Դիտվել է 125 անգամ

Ֆոտոհոսք
RSS
