Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Թուրքիայում թրաֆիքինգի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել հայ կանանց նկատմամբ

13:39, 20 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 20  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Գյումրի քաղաքի մի քանի  բնակիչների` Թուրքիայում սեռական շահագործման ենթարկվելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, նախապատրաստված  նյութերի  ուսումնասիրությամբ  պարզվել է, որ Երեւան քաղաքի բնակչուհի, ժամանակավորապես Թուրքիայում բնակվող, «Դոկտոր» մականվամբ Ս. Մարտիրոսյանը Գյումրի քաղաքի բնակչուհի, իր պարտապան  Ն.Մովսիսյանի  միջոցով հավաքագրել է Գյումրի քաղաքի բնակչուհի Գայանեին եւ 2010թ.  օգոստոս ամսին տեղափոխել Թուրքիայի Տրապիզոն քաղաք: Տրապիզոն հասնելուն պես` Ս. Մարտիրոսյանը Մովսիսյանին եւ Գայանեին  հանձնել է ազգությամբ թուրք, կավատ ոմն Սաֆային:  Վերջինս 4 օր տեւողությամբ օրական 20 ժամ Ն.Մովսիսյանին եւ   Գայանեին ենթարկել է սեռական շահագործման, իսկ ստացված գումարները տվել Ս.Մարտիրոսյանին:  

Այնուհետեւ Մովսիսյանը եւ Գայանեն հրաժարվել են զբաղվել մարմնավաճառությամբ, եւ կավատ Սաֆան նրանց հանձնել է Թուրքիայի ոստիկանությանը, որի արդյունքում նրանք արտաքսվել են Թուրքիայից: 

Նախաքննության տվյալներով Մարտիրոսյանը շարունակել է Մովսիսյանից պահանջել պարտքը վերադարձնել,  իսկ չունենալու դեպքում  հավաքագրել եւ Թուրքիա  տեղափոխել աղջիկների` սեռական շահագործման համար: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Մովսիսյանը խաբեությամբ, դայակություն կատարելու պատրվակով հավաքագրել եւ 2011թ. օգոստոսի 4-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք է տեղափոխել Գյումրի քաղաքի բնակչուհի Կարինեին:

Մարտիրոսյանը, օգտվելով Կարինեի խոցելի վիճակից, պարտադրել է նրան Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվել` պատճառաբանելով, թե վերջինս իրեն պարտք է շուրջ 5000 ԱՄՆ  դոլար` ճանապարհածախսի, հագուստի եւ բնակության վայր տրամադրելու դիմաց: Կարինեն  2011թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 1-ը Տրապիզոն քաղաքի «Իշիկ» հյուրանոցում զբաղվել է մարմնավաճառությամբ, որից ստացված գումարների զգալի մասը վերցրել է Մարտիրոսյանը:  Ավելի ուշ Կարինեն նույնպես արտաքսվել է Թուրքիայից:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժնում 2012թ. փետրվարի 11-ին հարուցվել է քրեական գործ: 2012թ. փետրվարի 14-ին Մովսիսյանին եւ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը շարունակելու համար:

Դատախազությունից տեղեկացնում են, որ սեռական շահագործման ենթարկված կանանց անունները փոխված են:

Դիտվել է 130 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ