Լիբանանյան պարբերականը փաստում է` սիրիահայերն ապրում են վախի մթնոլորտում
14:08, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանյան YaLIBNAN պարբերականը փետրվարի 17-ին անդրադարձ է կատարել Սիրիայում բնակվող հայերին, այնտեղ կատարվող իրադարձություններին, նրանց ներգրավվածությանը տարբեր գործընթացներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով YaLIBNAN-ը, պարբերականը մեջբերել է փետրվարի 10-ին Հալեպում տեղի ունեցած պայթյունի ծանր արդյունքները, որի հետեւանքով զոհվեց 28 մարդ, այդ թվում` Սիրիայում զինվորական ծառայության կոչված Վիգեն Հայրապետյանը: «Հայրապետյանի մահը ցնցեց ողջ սիրիահայ համայնքը: Ինչպես ցույց է տալիս վերջին հարձակումը, բռնությունները մոտենում են առավել խոշոր քաղաքներին` ինչպիսիք են Հալեպը, Դամասկոսը, որոնց հազարավոր հայեր իրենց տունն են կոչում»,-նշում է պարբերականը: Սիրիայի հայերը ցանկանում են ապագայի վերաբերյալ լինել լավատես: «Միշտ ենք լսում պայթյունների ձայներ, սակայն կարծում ենք, որ անվտանգության մեջ ենք, գոնե ներկա պահին»,-պատմել է Հալեպի բնակիչներից մեկը: Հայկական եւ ընդհանրապես Սիրայի քրիստոնյաների համայնքը, որը կազմում է բնակչության 8-10 տոկոսը, արդեն հոգնել է անորոշ ապագայից: «Նրանք նոր փուլի են բախվել: Հայերը, ինչպես երկրում մնացած մյուս փոքրամասնությունները, խոցելի են եւ վախենում են Սիրիայի անվտանգության կառույցների փլուզման համար»,-ընդգծել է Դամասկոսի համալսարանի պատմաբան եւ դասախոս Նորա Արիսյանը The Armenian Weekly-ին տված հարցազրույցում: 2011 թ-ի աշնանը Սիրիա ճանապարհորդած Գարեգին Բեդուրյանը դիտարկել է, որ Սիրիայում վախի մթնոլորտը է տիրում: «Մենք չենք կարող հանգիստ քաղաքից քաղաք տեղափոխվել»,-նշում է նա: Չնայած բարձր լարվածությանը եւ աճող բռնությանը` սիրիահայ համայնքը ձգտում է կենտրոնանալ չեզոք ուղու վրա:
Իսկ պատմաբան Արա Սանջյանը նկատել է, որ Սիրիայի հայկական համայնքը չի կարող ակտիվ միջամտություն ցուցաբերել երկրի ներքաղաքական իրադարձություններում. «Նրանց պարզապես պետք է փրկել իրենց գլուխները եւ հուսալ, որ այս ամենի արդյուքում չեն տուժի»:
Դիտվել է 844 անգամ

Ֆոտոհոսք
RSS
