Գրքի տոնավաճառը կմիավորի մանկագիրներին եւ երեխաներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի 8-րդ տոնավաճառը կանցկացվի Երեւանի Խնկո Ապոր անվան գրադարանում` փետրվարի 20-22-ը:
Ավանդական դարձած մանկապատանեկան եւ գեղարվեստական գրականության տոնավաճառն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
«Գրքի տոնավաճառները խթանում են մանկական գրականության զարգացումը, գիրքը յուրօրինակ ձեւով մոտեցնում ընթերցողին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի տնօրեն Վահան Խաչատրյանը:
Նրա խոսքով` տոնավաճառը իսկական տոնահանդես է, քանի որ ոչ միայն փոքրիկ ընթերցողին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ ժամանակակից եւ դասական մանկապատանեկան գրականությանը, այլեւ ամրապնդում է մանկագիր-ընթերցողը կապը: Այս տարի գրքի տոնավաճառին ներկայացված է շուրջ 30 հայկական հրատարակչությունների 1000 անուն գիրք:
«Տոնավաճառի ընթացքում երեխաների ակտիվությունն, իսկապես, նկատելի է եղել միշտ. մասնակցում են ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի աշակերտներ»,- տեղեկացրեց Խաչատրյանը:
Տոնավաճառի շրջանակում իրականացվելու են գրքի շնորհանդեսներ, հեքիաթի ընթերցանություն, գրական հանդիպումներ: Գրքի տոնավաճառը Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների` 2012 թ-ի առաջին միջոցառումն է: