Բակո Սահակյանը մասնակցել է Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի շնորհանդեսին
20:34, 7 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է հայտնի բուլղարացի հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի տեսասկավառակի շնորհանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը բարձր է գնահատել Պասկալեւայի նվիրումն ու երկար տարիների աշխատանքը' ուղղված արցախյան ազգային-ազատագրական պայքարի ճշմարտացի լուսաբանմանը, մեր շահերի եւ արդարության պաշտպանությանը: Բակո Սահակյանի խոսքով' դրա վառ օրինակն է «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարը, որն Արցախյան ազատամարտի վավերագրության լավագույն էջերից մեկն է եւ իրականացնում է կարեւոր առաքելություն' մեր արդար ձայնը հասցնելով միջազգային հանրությանը, օգնելով ճիշտ ու բազմակողմանի պատկերացում կազմել ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Դիտվել է 511 անգամ

Ֆոտոհոսք
RSS
