«Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև մարտի 18-ը
18:17, 28 Հունվար, 2012ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակցի մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ` հաշվի առնելով «Եվրատեսիլ-2012»-ի առանձնահատկությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից, Հանրայինը՝ որպես Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ և «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական հեռարձակող, իրավասու է ընտրել մայիսին կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցին և երգը՝ կամ ազգային ընտրության (հեռուստադիտող-ժյուրի) կամ ներքին ընտրության միջոցով:
Ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ: «Եվրատեսիլ-2012»-ի Հայաստանի մասնակիցը և ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև մարտի 18-ը:
Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի մայիսին Վիեննայում կայանալիք Պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-12» մրցույթին, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: 15-20 տարեկան դասական ժանրում հանդես եկող երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից մեկն է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև մարտի 15-ը:
Դիտվել է 259 անգամ

Ֆոտոհոսք
RSS