Ֆրանսիացի նախարարը եւս մեկ անգամ կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի` Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետտին դեկտեմբերի 21-ին հստակորեն կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առերեսվել սեփական պատմության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Agence France Press-ը, Լեոնետտին նշել է, որ Թուրքիան պետք է որակի 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը` որպես «ցեղասպանության պատմական փաստ»: «Ժողովուրդները պետք է համարձակ լինեն եւ նայեն սեփական պատմությանը: Արդեն հարյուր տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, պատասխանատուները մահացած են, ընդամենը մնում է ընդունել սեփական պատմությունը: Արդյոք մեծ ազգերը չեն, որ կարողանում են համարձակությամբ նայել սեփական պատմությանը»,- հռետորական հարց է ուղղել ֆրանսիացի նախարարը:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի ընդունումը նախաձեռնվել է իշխող կուսակցության կողմից` ֆրանսահայերի քվեներն առաջիկա նախագահական ընտրություններում շահելու համար` Ժան Լեոնետտին հարց է ուղղել, թե այդ պարագայում ինչու է նաեւ ընդդիմությունն աջակցում այդ օրինագծին:
Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Վերջինիս ընդունման դեպքում Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու պարագայում նախատեսվում է տուգանք 45 հազար եվրոյի չափով կամ մեկ տարվա ազատազրկումը: