Կառավարությունը հաստատեց ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության դեկտեմբերի 15-ի նիստում գործադիրը հաստատեց Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ այն միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը' արտահանման ներուժի բացահայտման և արդյունավետ իրագործման ճանապարհով: Ռազմավարությամբ նախատեսվում է մինչ 2015 թվականը կրկնապատկել մեր երկրի արտահանման ծավալները, իսկ մինչ 2020 թվականն այն հասցնել 3 միլիարդ դոլարի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ովքեր շահագրգիռ մասնակցություն են ցուցաբերել ռազմավարության մշակման գործին և արժեքավոր առաջարկություններով հարստացրեց փաստաթուղթը:
ՀՀ վարչապետին կից և ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ կստեղծվի ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների կանոնակարգման խորհուրդ: Տիգրան Սարգսյանը կարևորեց, որպեսզի խորհրդի կազմում ընդգրկվեն նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչները և հանձնարարեց Էկոնոմիկայի նախարարին՝ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:
Արդյունաբերական քաղաքականության ուղղակի թիրախը վերամշակող արդյունաբերության ճյուղերի և համալիրների զարգացումն է: Ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր' կոնյակագործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, ժամագործություն, տեքստիլ արդյունաբերություն, դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ, պահածոների արտադրություն, գինեգործություն, շշալցված հանքային ջրերի, հյութերի արտադրություն և ճշգրիտ ճարտարագիտություն: Ըստ այս ճյուղերի' ռազմավարությամբ բացահայտվել է մեր երկրի արդյունաբերական ներուժը, գնահատվել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ և ենթակառուցվածքային ռեսուրսներ կան Հանրապետությունում:
Կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են մասնավոր հատվածի հետ միասին: Մյուս ճյուղերում առաջիկայում ևս կքննարկվեն զարգացման և արտահանման հստակ ծրագրեր: Ռազմավարությամբ առաջնայնություն կտրվի մասնավոր հատված-պետություն համագործակցությանը:
Ծրագրվում է, որ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը:
ՀՀ արտահանմանն ուղղված ռազմավարությունը հանրությանն էր ներկայացվել դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական կոնֆերասնի ժամանակ: