Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը հնարավոր է հասցնել կյանքի որակին չխանգարող մակարդակի

18:01, 1 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած ՄԻԱՎ վարակի առաջացման վերաբերյալ շրջանառվող մի շարք վարկածների` ժամանակակից բժշկությունը ներկայում այս վարակի ծագման վերաբերյալ միասնական կարծիքի չի հանգել:  Հաճախ մարդիկ ՄԻԱՎ-ը`Մարդու իմունային անբավարարության վիրուսը, նույնացնում են  ՁԻԱՀ-ի հետ: Մինդեռ  ՁԻԱՀ-ը` Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը, ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, որը բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ. արդյունքում օրգանիզմը դառնում է անպաշտպան տարատեսակ հիվանդությունների նկատմամբ: Այսօր, երբ տեղակատվությունը, հաղորդակցման միջոցներն ավելի հասանելի են,  քան նախկինում,  հասարակության մեծ մասը  հաճախ դյուրահավատ է  ՄԻԱՎ/ՁԻԱՀ- մասին պատմվող առասպելներին` չգիտակցելով, որ ՄԻԱՎ վարակից խուսփելու երաշխիքը առաջին հերթին տեղեկացված լինելն է: Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի  ներկայիս իրավիճակի եւ այլ արդիական թեմաների շուրջ «Արմենպրես»-ը զրույցեց ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ-համաճարակաբան Էդուրադ Հովհաննիսյանի եւ նույն կենտրոնի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանի հետ:

 

- ՄԻԱՎ, ինչպես նաեւ այլ սեռավարակներից  ոչ ոք   ապահովագրված չէ: Հայտնի են բազմաթից դեպքեր, երբ կանայք վարակվել են իրենց միակ զուգընկերոջից`ամուսնուցորո՞նք են ՄԻԱՎ վարակի հիմնական ախտանշանները:

 

Էդուրդ Հովհաննիսյան:- ՄԻԱՎ վարակն ունի երկարատեւ անախտանշան շրջան. ախտանշանները կարող են չլինել անգամ տասը տարվա ընթացքում: Այդ պատճառով մարդն ինքը պետք է կայացնի հետազոտման որոշումը` ելնելով իր դրսեւորած վարքագծից: Եթե ունեցել է ռիսկային հարաբերություններ, թմրամիջոցների օգտագործում, ապա արժե հետազոտվել: Եթե երկողմանի հավատարմություն կա ընտանիքում, ապա ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը նվազագույնն է: ՄԻԱՎ-ից, այլ սեռավարակներից խուսափելու միակ երաշխիքը երկկողմանի ամուսնական հավատարմությունն է:  Հիվանդությունն ունի երկարատեւ 7-5  տարի շարունակվող թաքնված շրջան, որի ընթացքում վարակված մարդը գործնականում առողջ է լինում, չի ունենում հիվանդության որեւէ նշանակալի  դրսեւորում, հետեւաբար, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Արտաքինից եւս հնարավոր չէ դատել մարդու ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին: Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելու միակ ուղին լաբորատոր հետազոտության անցնելն է:

 

-Որո՞նք են ՄԻԱՎ-ով վարակվելու «ռիսկային»`խոցելի  խմբերը Հայաստանում:

 

-Մարդը կարող է  լինել այդ  ռիսկային խմբի ներկայացուցիչ, բայց միեւնույն ժամանակ վարել  անվտանգ վարքագիծ: Օրինակ` նա կարող է լինել սեռական ծառայություն տրամադրող, կարող է ունենալ մեկից ավելի զուգընկերներ, բայց միեւնույն ժամանակ դրսեւորել լիովին անվտանգ վարքագիծ`օգտագործելով պահպանակ:  Այս դեպքում ավելի ճիշտ է խոսել ռիսկային վարքագծի մասին: Ոչ թե որեւէ խմբին պատկանելը, այլ վարքագիծն է անհատին դրդում այնպիսի իրավիճակների, երբ նա կարող է ենթարկվել ՄԻԱՎ-ով վարակման վտանգի, օրինակ` թմրամիջոցների օգտագործումը, պատահական սեռական կապերը եւ այլն:

 

-Հաճախ մարդիկ, գիտակցելով, որ ՄԻԱՎ  վարակ ունեն, խուսափում են հետազոտության դիմելուց: Ինչո՞վ է պայմանավորված այդ բացասական միտումը:

 

-Հասարակության մեջ կան կայուն կարծրատիպեր: Գոյություն ունի խարան եւ խտրականություն: Մարդը վախենում է, որ ՄԻԱՎ վարակի հայտնաբերման դեպքում բուժաշխատողի, հասարակության այլ ներկայացուցիչների կողմից կարժանանա խտրականության: Կան տարբեր գործոններ, եւ մեր աշխատանքն է այնպես անել, որ այդ սխալ  կարծրատիպը մարդկանց շրջանում նվազի, թե՛ հիվանդների, եւ թե՛ հասարակության:

 

-Գաղտնիք չէ, որ ՄԻԱՎ վարակը ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: ի՞նչ կանխարգելիչ  միջոցառումներ են իրակականում ՀՀ-ում:

 

- Գործում է «Աջակցություն ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման» ազգային ծրագիր, որի նպատակն է Հայաստանի բնակչության առավել վտանգավոր խմբերի շրջանում նվազեցնել ՄԻԱՎ-ի տարածվածությունը: Կանխարգելիչ աշխատանքներ են կատարվում թմրամիջոցների ներարկային օգտագործողների, սեռական ծառայություններ մատուցող կանանց, երիտասարդների շրջանում, ինչպես նաեւ  կալանավայրերում, մի շարք այլ հաստատություններում: «ՄԻԱՎ/ՁԻԱՀ 2007-2011 թթ.» ազգային ռազմավարական պլանի համաձայն` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում խթանվում է բարենպաստ միջավայրի ձեւավորումը, խնամքը, աջակցությունը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին բազմաոլորտային կայուն հակազդման համար իրականացվում են մի շարք այլ  միջոցառումներ:

 

 

Ժանետա Պետրոսյան:- Բնակչությանը տրամադրվում են  նաեւ տեղեկատվական նյութեր, ակտիվ աշխատանք է տարվում հասարակական կազմակերպությունների հետ: Այժմ աշխատանքներ են իրականացվում նաեւ նոր ազգային ծրագրի ուղղությամբ:

 

 

-Կարելի է արդյո՞ք վստահ ասել, որ հասարակության տեղեկացվածության բարձրացմանն ուղղած աշխատանքներով է պայմանավորված ՄԻԱՎ վարակի նվազեցման միտումը ոչ միայն Հայաստանում, այլ մի շարք այլ երկրներում:

 

Էդուարդ Հովհաննիսյան:- Տարիներ շարունակ մեծ ջանքեր, ֆինանսներ են ներդրվել թե՛ կանխարգելման, թե՛ բուժման գործում: Եվ եթե այդ թեկուզ շատ փոքր դրական շարժը ակնհայտ չլիներ, ապա կստացվեր, որ ինչ-որ բան սխալ է իրականացվել: Եթե այսօր կա որոշակի դրական տեղաշարժ, նշանակում է` իրականացվող աշխատանքները ծառայում են իրենց նպատակին: Ոչ միայն մեր տարածաշրջանը, այլեւ ամբողջ աշխարհն է պայքարում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ: Բուժման ոլորտում եւս առաջընթացը նկատելի է:

 

-Տիկին  Պետրոսյան, եթե համեմատականներ տանենք, առկա՞  է ՄԻԱՎ վարակի վերաբերյալ   իրազեկվածության ակնհայտ տարբերություն մայրաքաղաքում եւ մարզերում:

 

-Մեր օրերում տեղակատվության աղբյուները այնքան շատ են, որ անկախ նրանից բնակվում ես մարզում, թե Երեւանում, այդ տեղեկատվությունը հասանելի է համացանցի, այլ միջոցների շնորհիվ: Գուցե առաջ կար նման տարբերություն, բայց այսօր առանց համապատասխան հետազոտության  միանշանակ այդպես կարծել չենք կարող: Այս հարցում շատ  կարեւոր է ԶԼՄ-ների դերը, հատկապես մարզայինների:

 

-Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ՀՀ-ում գերակա է ՄԻԱՎ վարակի հետերոսեքսուալ փոխանցման ուղին (53, 7%), նախկինում առաջնային համարվող` թմրամիջոցների ներարկային օգտագործման փոխարեն (37, 4): Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:

 

-Ժամանակի ընթացքում փոփոխվում է համաճարակը, այն երբեք նույնը չի կարող մնալ:  Սկսելով հատ ու կենտ դեպքերից`աստիճանաբար ՄԻԱՎ վարակը թափանցել է այն խմբեր, որոնք ամենից շատն են «ռիսկային»:  Այսպիսով, համաճարակը անցնում է  կենտրոնացման փուլին: Մեր տարածաշրջանում կա միտում սեռական փոխանցման ուղու ակտիվացման: Դա պայմանավորված է նաեւ արտագնա աշխատանքի գործոնով:

 

-Այսօր Հայաստանում ո՞րն է համարվում ՄԻԱՎ վարակի բուժման հիմնական եղանակը եւ բուժման  ո՞ր փուլում կարող ենք հիվանդությունը համարել հաղթահարված:

 

Ժանետա Պետրոյան:-  Երբ ՄԻԱՎ-ով վարակված մարդը սկսում է բուժում ստանալ,դա ցմահ գործընթաց է: Անկախ վարակման ուղիներից,տարիքից` ողջ համաշխարհային փորձը ցույց է տալիս բուժման արդյունավետությունը: Գոյություն ունեն բուժման արդյունավետությունը գնահատելու չափանիշներ, մոնիթորինգ,  որի  հիմնական նպատակն է վիրուսային ծանրաբեռնվածությունը հասցնել չորոշվող մակարդակի: Բուժումը անհատական գործընթաց է. չկան ստանդարտ մոտեցումներ: Շատ կարեւոր է նաեւ այն ժամանակին  սկսելը: Պետք է հաշվի առնել, որ բուժման կարիքը առաջանում է վարակվելուց որոշակի տարիներ անց:

 

-Հնարավոր է, արդյոքՁԻԱՀ-ը մի շարք այլ հիվանդությունների նման հասցնել կյանքի որակին չխանգարող մակարդակի:

 

Ժանետա Պետրոսյան:- Այն ընթացք ունեցող հիվանդություն է, որը համեմատելի է,  դասվում է, օրինակ, շաքարային դիապետի շարքին: Բուժման շնորհիվ երկարել է նաեւ  մարդկանց կյանքի տեւողությունը, ինչը նույնպես խոսում է առաջխաղացման մասին: Այժմ չես կարող ասել` ՁԻԱՀ-ով հիվանդ մարդն ապրելու է այսքան կամ այնքան տարի, այլեւս չկա այդ սահմանը: Եթե հիվանդությունը ժամանակին է հայտաբերվում, երբ հիվանդը գտնվում է բժշկի  հսկողության տակ, ապա նա կարող է ապրել լիարժեք, նորմալ կյանքով:

 

-Կնշե՞ք ՀՀ-ում գործող  այն բուժհաստատությունները, որտեղ դիմելով  կարելի է ստանալ ՄԻԱՎ վարակի հետազոտություն:

 

Էդուարդ Հովհաննիսյան: - Այդ ցանցը ստեղծված է ամբողջ Հայաստանի տարածքով: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կարելի է անցնել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում: Հայաստանում գրեթե բոլոր բուժհաստատություններն ունեն հնարավորություն խորհրդատվություն տրամադրելու,արյուն հավաքագրել եւ ուղղելու լաբորատորիա հետազոտության  համար: Որոշ բուժհաստատություններ ունեն սեփական լաբորատորիաներ, բոլոր պոլիկլինիկաները խորհրդատվություն են տրամադրում: Հետազոտությունն անվճար է, կարող է կատարվել անանուն: Հետազոտության եւ դրա արդյունքների գաղտնիությունը լիովին երաշխավորվում է: Գործում է նաեւ վստահության հեռախոսահամարներ:

 

Հարցազրույցը` Տաթեւիկ Գրիգորյանի 

Դիտվել է 650 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ