Մշակույթ

«Էն ուրիշ Ֆրունզիկը». նոր ֆիլմ մեծն արտիստի մասին

3 րոպեի ընթերցում

«Էն ուրիշ Ֆրունզիկը». նոր ֆիլմ մեծն արտիստի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էն ուրիշ Ֆրունզիկը» նոր ֆիլմ է, որտեղ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը հակադրվում է մինչ այժմ եղած պատկերացումներին' ներկայանալով նորովի, որպես ուրիշ Ֆրունզիկ' իր մտածելակերպով, աշխարհին ու մարդկանց իր ասելիքով և, ամենակարևորը' դերի պատրաստման իր յուրօրինակ մոտեցումներով:

Ֆիլմի համահեղինակները Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյանն են, որոնք դեռ 2010 թվականի փետրվարից, ուսումնասիրելով ձեռքի տակ եղած հսկայական արխիվային նյութերը, հազվագյուտ ձայնագրություններն ու տարբեր առիթներով արված հարցազրույցները, պատրաստել են նախ 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ: Հետագայում ներարառել են բացառիկ, ձայնագրման որակական թերություններ ունեցող, բայց ասելիքի իմաստով շատ խորիմաստ ու ուսանելի ձայնագրություններ, դարձրել են ֆիլմը 65 րոպեանոց:

«Ստացվում է, որ այս ֆիլմն էլ է պատրաստվել բազում իմպրովիզացիաների արդյունքում, տարբեր անվանումներ ունեցել, տարբեր տեւողություններ, դրվագների եւ ասելիքի այս կամ այն կտորներ' ինչպես ծնվում էին սիրելի արտիստի կատարյալ կերպարները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը:

«Է~ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմում հիմնականում ներառված են կադրից դուրս մնացած կտորներ: Համահեղինակներն ասում են, որ շուտով այն դուրս կգա մեծ էկրան:

«Ֆիլմի հետ կապված դժվարությունները զուտ նյութական էին: Շատ սպասելիքներ չարդարացան, բազում հիասթափություններ ունեցանք: Արտիստի 80-ամյա հոբելյանն այդպես էլ չնշվեց: Շատ վիրավորվեցինք' հերթական անգամ ազգային արժեքներն անտեսված ու մոռացված լինելու տխուր փաստին առնչվելով: Իսկ սերն ու ոգևորությունն անսահման էին, որովհետև Մհեր Մկրտչյանն այն դերասանն է, ում արվեստին հաղորդվելը մեծագույն երանություն է»,-ասաց Սահակյանը:

Հովհաննես Պապիկյանը և Շուշանիկ Սահակյանն իրենց միջոցներով հրատարակել են նաեւ Մհեր Մկրտչյանի հոբելյանին նվիրված «Ու՞մ համար ես վառվում, լույս...» գիրք-օրացույցը, «Լույս» գիրքը' հայերեն եւ ռուսերեն լեզուներով, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակի աջակցությամբ նաեւ «Я так думаю» վավերագրական ֆիլմը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում