Տնտեսություն

Գիտության պետական կոմիտեն պետության միջոցներն անարդյունավետ է ծախսել

4 րոպեի ընթերցում

Գիտության պետական կոմիտեն պետության միջոցներն անարդյունավետ է ծախսել

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում խախտումներ է հայտնաբերել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վերահսկիչ պալատից, խախտվել է ՀՀ կառավարության «ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» որոշումը, համաձայն որի պետական կառավարչական հիմնարկներին չի թույլատրվում ստանձնել նոր ֆինանսական պարտավորություններ դեկտեմբերի 20-ից հետո, սակայն կոմիտեն 2010թ. դեկտեմբերի 20-ից հետո ստանձնել է 33,074.5 հազար դրամի նոր պարտավորություն` առանց ՀՀ վարչապետի համաձայնության:

Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային միջոցների ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման ու օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքները ցույց են տվել, որ հիմնարար հետազոտությունների իրականացման ծրագրերի նախագծերը 2009թ. ֆինանսավորվել են առանց սահմանված կարգով փորձաքննություն անցնելու:

Կոմիտեի 2009-2010թթ. բազային ծրագրերով հատկացված միջոցներից 10,780.1 հազ. դրամը ծախսվել է ոչ նպատակային, 33,288.0 հազ. դրամն անարդյունավետ:

Հանձնաժողովի գործունեությունը կրել է ձեւական բնույթ: Ընտրանքային կարգով ուսումնասիրվել են գիտական թեմաներով լրացուցիչ հատկացված 28,374.6 հազ. դրամի հատկացման եւ ծախսման հիմքերը, որի արդյունքում պարզվել է, որ 15,326.5 հազ. դրամը ծախսվել է անարդյունավետ, 3,741.0 հազ. դրամը ` ոչ նպատակային: Խախտվել է թեմատիկ ֆինանսավորման կարգի պահանջը: Ուսումնասիրված թեմաներից 9 թեմաներ փորձագիտական խորհուրդների կողմից ստացել են բացասական եզրակացություն, սակայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի համապատասխան հրամաններով հաստատվել եւ ներառվել են ֆինանսավորման ենթակա թեմաների ցանկերում: Ընթացիկ հաշվետվությունների փորձաքննություն չի իրականացվել, սակայն 2009-2010թթ. բոլոր թեմատիկ ծրագրերը շարունակվել են ֆինանսավորվել:

ՀՀ կառավարությանը առաջարկվում է2011թ. պետական բյուջեում կատարել վերաբաշխում եւ թեմատիկ ծրագրով նախատեսված 820,433.1 հազ. դրամը պակասեցնել 38,860.7 հազ. դրամով, հիմք ընդունելով այն, որ ծրագրի շրջանակներում կոմիտեի պայմանագրային պարտավորությունը կազմել է 781,572.4 հազ. դրամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը առաջարկվում է կոմիտեի գործունեության իրավական կարգավորման նպատակով մշակել եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բազային, թեմատիկ եւ նպատակային ծրագրերի ֆինանսավորման նոր կարգեր, հաշվետվությունների գնահատման նպատակով ապահովել նախագծերի քննարկման համար ստեղծված հանձնաժողովի պատշաճ եւ արդյունավետ գործունեության իրականացումը: Մշակել եւ հաստատել հանձնաժողովի գործունեության աշխատակարգ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին առաջարկվում է բյուջետային միջոցները արդյունավետ օգտագործելու եւ չփոշիացնելու նպատակով թեմատիկ ծրագրով նախատեսված միջոցները հատկացնել կոմիտեի եւ թեմա կատարողների միջեւ կնքված պայմանագրով նախատեսված միջոցների սահմաններում:

Կոմիտեն պարտավոր է Վերահսկիչ պալատին գրավոր տեղեկատվություն տրամադրել ընթացիկ հաշվետվությունում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում