Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վ. Պուտինի առաջարկած Եվրասիական միությունը` վերազգային կազմավորման նոր տեսլական

Վ. Պուտինի առաջարկած Եվրասիական միությունը` վերազգային կազմավորման 
նոր տեսլական

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 3-ին ռուսական «Իզվեստիա» պարբերականում հրապարակվեց Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «Նոր ինտեգրացիոն գործընթաց Եվրասիայի համար. Ապագա, որը ծնվում է այսօր» խորագրով հոդվածը: Վ. Պուտինը հոդվածում ներկայացնում է ԱՊՀ տարածքում վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցած ինտեգրացիոն գործընթացները, որոնց շնորհիվ ձեւավորվել է Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ մաքսային միությունը, իսկ 2012 թ. հունվարի 1-ին նախատեսվում է նույն պետությունների մասնակցությամբ Միասնական տնտեսական տարածության մեկնարկը: Տվյալ միավորման ներսում նախատեսվում է թույլ տալ կապիտալի, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժ եւ ձեւավորել միասնական շուկա ավելի քան 165 միլիոն սպառողներով: Նոր միավորման ներսում քաղաքացիները հնարավորություն են ստանալու առանց որեւէ սահմանափակման բնակվել, սովորել կամ աշխատել նշված երեք պետություններից ցանկացածի սահմաններում: Պուտինը հոդվածում նշում է, որ նշված միավորումը չի հակասում ԱՊՀ տարածքում գործող այլ կառույցների, այդ թվում' ՀԱՊԿ-ի եւ Եվրասիական տնտեսական հանրության շահերին:

Միեւնույն ժամանակ ՌԴ վարչապետը շեշտում է ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման կարեւորությունը' առաջ քաշելով Եվրասիական միության ստեղծման գաղափարը: Ռուսաստանի վարչապետն անմիջապես փորձում է կանխել ԽՍՀՄ վերականգնման փորձի մեղադրանքը' նշելով, որ Եվրասիական միությունը չի նշանակում ԽՍՀՄ-ի վերականգնում: Դրա փոխարեն Պուտինն առաջարկում է վերազգային հզոր միության ձեւավորման տեսլական, որը պետք է դառնա ապագա բազմաբեւեռ աշխարհի կարեւոր օղակներից մեկը եւ կամրջի դեր կատարի Եվրոպայի եւ ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ: Միաժամանակ Վ. Պուտինն առաջարկում է Եվրասիական միության ներսում իրականացնել միասնական տնտեսական եւ տարադրամային քաղաքականություն, ինչը նշանակում է միության պետությունների համար միասնական դրամական միավորի ներմուծում եւ միության Կենտրոնական բանկի ստեղծում: Պուտինն ակնհայտորեն փորձում է իր գաղափարը համեմատել Եվրամիության հետ' նշելով, որ Եվրասիական միության ստեղծումը ավելի հեշտ կարող է ընթանալ, քանի որ նրա մասնակիցները ունեն Եվրամիության փորձը, եւ կան բոլոր հնարավորությունները' խուսափելու Եվրամիության սխալների կրկնությունից: Խոսելով ապագա միության անդամների մասին' Պուտինը նշում է, որ Ռուսաստանից, Ղազախստանից եւ Բելառուսից բացի ապագայում միության անդամներ կարող են դառնալ նաեւ Ղրղզստանը եւ Տաջիկստանը, միաժամանակ նշելով, որ միությունը բաց է լինելու ԱՊՀ անդամ բոլոր պետությունների համար: Պուտինը նաեւ շեշտում է, որ ապագա միությանն անդամակցելը որեւէ կերպ չի խոչընդոտելու անդամ պետությունների' Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը, ընդհակառակը, հնարավորություն կտա առանձին պետությունների ավելի ամուր դիրքերից բանակցել Եվրամիության հետ:

2012 թ. նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումից ընդամենը մի քանի օր անց տվյալ հոդվածի հրապարակումը հստակ ակնարկ է այն մասին, որ Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Եվրասիական միության ստեղծումը մտադիր է դարձնել իր արտաքին քաղաքականության հիմնական, եթե ոչ ամենագլխավոր ուղղությունը:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ այդ գաղափարի իրականացման ճանապարհին Պուտինին մի շարք էական խոչընդոտներ են սպասվում: Նախեւառաջ, դեռեւս պարզ չէ' կհամաձայնվեն արդյոք Միասնական տնտեսական տարածության մասնակից մյուս երկու պետությունները վերազգային մարմինների ձևավորմանը, որոնք ակնհայտորեն լինելու են Ռուսաստանի ազդեցության ներքո: Այս պարագայում դժվար է համեմատություն անցկացնել Եվրամիության հետ, որտեղ կան առնվազն մի քանի գրեթե համարժեք պետություններ' Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, եւ որոնց առկայությունը կանխում է Եվրամիության ներսում մեկ պետության հեգեմոնիայի հաստատումը, ինչը գրեթե անխուսափելի կլինի Եվրասիական միության ձևավորման պարագայում: Նմանատիպ խնդիր կարող է ծագել նաեւ միասնական տարադրամի ստեղծման հարցում: Դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կհրաժարվի ռուբլուց եւ ապագա միության տարածքում կստեղծվի նոր դրամական միավոր, ինչը, օրինակ, տեղի ունեցավ Եվրոյին անցման պարագայում:

Հաջորդ կարեւոր խնդիրը ապագա միության հավանական անդամ պետությունների ներքաղաքական իրավիճակն է: Թե' Բելառուսում եւ թե' Ղազախստանում ներքաղաքական իրավիճակը կայուն է, սակայն այն կարող է փոխվել գործող նախագահների հեռանալու պարագայում, ընդ որում' եթե Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոն տեսականորեն կարող է եւս տասը-քսան տարի զբաղեցնել նախագահի պաշտոնը, ապա Ղազախստանում իրավիճակը մի փոքր այլ է' կապված Նուրսուլթան Նազարբաեւի տարիքի հետ: Հաշվի առնելով անկախության շրջանում Ղազախստանում իշխանության փոխանցման փորձի բացակայությունը, չի կարելի բացառել անակնկալ զարգացումները:

Էլ ավելի խնդրահարույց կարող է լինել Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին մասնակցող նախկին ԽՍՀՄ վեց հանրապետությունների անդամակցությունը Եվրասիական միությանը: Ներկայումս բոլոր վեց պետությունները Եվրամիության հետ բանակցում են ասոցացման եւ խորը, համապարփակ ազատ առեւտրի պայմանագրերի ստորագրման շուրջ, եւ դժվար թե նրանք այդ հեռանկարը փոխարինեն Ռուսաստանի գերիշխանության ներքո ձեւավորվող նոր միությանն անդամակցության հետ: Նույնիսկ Ուկրաինայի ներկա վարչակազմը, որը, ի տարբերություն նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, առայժմ չի պատրաստվում անդամակցել միասնական տնտեսական տարածությանը' նախընտրելով խորացնել տնտեսական կապերը Եվրամիության հետ:

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ չնայած Պուտինի հավաստիացումներին' դժվար կլինի համատեղել Եվրամիության հետ հարաբերությունների սերտացումը նոր միությանն անդամակցության հետ: Պատահական չէ, որ Ռուսաստանի վարչապետը եւս բարձր է գնահատում առաջին հերթին Ղրղզստանի եւ Տաջիկստանի հնարավորությունները: Այս համատեքստում կարեւոր է այն հանգամանքը, թե Ռուսաստանն ինչով կարող է հրապուրել ապագա միության հավանական անդամներին: Այս առումով Ռուսաստանի հնարավորությունները միանշանակ զիջում են Եվրամիության հնարավորություններին: Ռուսաստանը գրեթե չունի առաջատար տեխնոլոգիաներ, քաղաքական եւ տնտեսական ոլորտները կարգավորող մեխանիզմների տեսանկյունից եւս այն զգալիորեն հետ է մնում Եվրամիությունից:

Չնայած նախագահ Մեդվեդեւի կողմից հայտարարված արդիականացման քաղաքականությանը' Ռուսաստանի իշխանություններին չի հաջողվել հաղթահարել երկրի առջեւ կանգնած հիմնական մարտահրավերները, որոնցից առաջինը թերեւս իշխանության բոլոր օղակները ախտահարած համակարգային կոռուպցիան է, ինչպես նաեւ ներքաղաքական կյանքում մրցակցության գրեթե իսպառ բացակայությունը: Այս համատեքստում 2012 թ. նախագահի պաշտոնում Պուտինի ընտրությունը դժվար թե արմատապես փոխի Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, մանավանդ եթե հաշվի առնենք նախագահության երրորդ ժամկետում Պուտինի առջեւ կանգնած այնպիսի դժվար խնդիրների առկայությունը, ինչպիսիք են խորհրդային ժամանակներից մնացած ենթակառուցվածքների մաշվածությունը, տնտեսության գրեթե լիակատար կախվածությունը հումքի վաճառքից եւ համապատասխանաբար հումքի միջազգային գներից:

Նշված գործոնները հաշվի առնելով' կարելի է ենթադրել, որ Եվրասիական միության ստեղծման գաղափարը իրականացման քիչ հնարավորություններ ունի: Սակայն, այն հիմնականում կարող է օգտագործվել երկրի ներսում Պուտինի վարկանիշի բարձրացման նպատակով' փորձելով առաջին հերթին ռուսական ազգայնական շրջանակներին ներշնչել նախկին Խորհրդային Միության անդամ պետություններում Ռուսաստանի ազդեցության աստիճանական ավելացման տեսլականը:

 

Բենիամին Պողոսյան

Պատմական գիտությունների թեկնածու,

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անդամ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]