Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Տ. Դավթյան. «Մենք այսօր ունենք կայացած տնտեսական համակարգ»

11:25, 20 Սեպտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսությունն անկախության 20 տարիների ընթացքում անցել է բազմաթիվ փորձությունների միջով: Այդ ուղու, նրանից ակնկալիքների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ:

  -Պարոն Դավթյան, ինչպե՞ս կգնահատեք է Հայաստանի տնտեսության անցած ուղին,  ի՞նչ տնտեսություն ունենք անկախություն ձեռք բերելուց 20 տարի անց:

 
-Մենք այսօր ունենք կայացած տնտեսական համակարգ: Քսան տարիների ընթացքում, չնայած շատ դժվարություններին, փորձություններին, մեզ հաջողվեց ձեւավորել այն տնտեսությունը, որը հենք կհանդիսանա մեր պետական զարգացման համար: Եղան ճգնաժամեր եւ արագընթաց տնտեսական աճ, բայց մենք արդեն բավականին փորձառու ենք: Արդեն գիտենք` որ դեպքում ինչ պետք է անել: Ե’վ մեր բիզնեսը, ե’ւ տնտեսությունը, ե’ւ պետական համակարգն արդեն ավելի վստահ են զգում, քան տարիներ առաջ էր: Իհարկե, եղան դժվարություններ, բացթողումներ, բայց ընդհանուր առմամբ, այն տնտեսական քաղաքականությունը, ռազմավարությունը, մոտեցումները, որոնք կյանքի կոչվեցին, ճիշտ էին: Կարծում եմ, որ մենք կարող ենք հպարտանալ տնտեսական շատ եւ շատ նվաճումներով:

  -Հայաստանի տնտեսությունն առաջիկայում զարգացում ապրելու համար ի՞նչ նախադրյալներ ունի:

   - Նախորդ տարիները դժվար փուլ են եղել մեզ համար: Կարծում եմ, որ մենք
ամենադժվարին` կայացման հատվածն անցանք: Դա նշանակում է, որ առաջիկա տարիները կլինեն նոր տնտեսական հաջողությունների ժամանակաշրջան: Դրա համար բոլոր հիմքերը կան` թե’ համակարգային, թե’ կառուցվածքային, թե’ բիզնեսի ձեւավորման առումով:

  - Որո՞նք են այդ հիմքերը, եւ ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվում:

  
-Այն ներդրումային ծրագրերը, որ հիմա իրականացնում ենք, եւ լուրջ ընթացք են ստացել, տալիս են իրենց արդյունքները: Չկա մի ամիս, երբ մենք չենք ունենում նոր ձեռնարկություն, նոր արտադրական միավորներ: Դա կարեւոր գործընթաց է:
Առաջիկայում զարգացում կապրի մեր արդյունաբերական ոլորտը, եւ պետք ասեմ, որ արդեն դա երեւում է: Հայաստանը ունեցել է բազմաճյուղ տնտեսություն, կարծում եմ, որ մենք դա ոչ միայն կպահպանենք, այլեւ կզարգացնենք:

  -Պարոն նախարար, խոսվում է երկրորդ ճգնաժամի մասին: Եթե, այնուամենայնիվ, լինի երկրորդ ճգնաժամը, որքանո՞վ է պատրաստ դիմակայելու Հայաստանի Հանրապետությունը:

  -Մենք մանրակրկիտ հետեւում ենք համաշխարհային տնտեսության բոլոր զարգացումներին: Արդեն ունենալով նախորդ ճգնաժամի փորձը` բավականին հստակ գիտենք, թե ինչ գործողություններ պետք է արվեն: Իհարկե, այդ ռիսկերը կան, որոնք, որ կապված են գլոբալ տնտեսության զարգացման հետ: Մենք դարձել ենք համաշխարհային տնտեսության մի հատված. կապվածությունն այնքան է, որ այնտեղի իրադարձություններն անմիջապես ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա:
Մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային մեր գործընկերների հետ, մասնավորապես` Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Եթե երկրորդ ճգնաժամի ռիսկերը մեծանան, մենք կանենք հնարավորը, որ ավելի պատրաստ լինենք: Հուսանք, որ համաշխարհային տնտեսությունը կկարողանա մեծ հաշվով խուսափել նոր լուրջ ճգնաժամից, եւ այն գործողությունները, որոնք արվում են համաշխարհային հանրության կողմից, կտան իրենց արդյունքները: Վերջին ճգնաժամից հետո գլոբալ աշխարհն էլ է սովորել ավելի զգուշավոր լինել: Կարծում եմ, որ կոլեկտիվ ջանքերը զերծ կպահեն լուրջ վայրիվերումներից:
          Մենք պետք է գործողություններ անենք նաեւ երկրի ներսում բարեփոխումների, առավել պաշտպանված լինելու առումով, որպեսզի միշտ պատրաստ լինենք ցանկացած զարգացումների:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Դիտվել է 1950 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ