1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չուտել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր․ ինչպես նախապատրաստվել արյունատվության

Չուտել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր․ ինչպես նախապատրաստվել 
արյունատվության

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով՝ բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են արյան դոնոր դառնալ, իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը կամավոր դոնոր դառնալու կոչ էր արել՝ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով։

«Արմենպրես»-ն առանձնացրել է այն կետերը, թե  ովքեր կարող են հանդիսանալ դոնոր և ինչպիսի հակացուցումներ կան։

Ինչ քաշ պետք է ունենալ արյունատվության համար

Պետք է լինել 18 տարեկանից բարձր տարիքի։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է լինեն առնվազն 53 կգ, իսկ արական սեռի ներկայացուցիչները՝ 63 կգ։ Պետք է արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր (որոշում է բժիշկը) առավելագույնը` 90 դիաստոլիկ, նվազագույնը`60, առավելագույնը` 140 սիստոլիկ, նվազագույնը` 90։ Զարկերակը պետք է լինի 60-90 հարված րոպեում։

Արյունատվության հակացուցումները կարող են լինել բացարձակ (երբ մարդը երբևէ չի կարող հանձնել արյուն) և ժամանակավոր (երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր)։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ բացի հակացուցումներ ունեցողներից, մնացած բոլորը կարող են արյուն հանձնել, այդ թվում կորոնավիրուսային հիվանդությունից առողջացածները։ 

Բացարձակ հակացուցումներն են

Արյան դոնոր երբեք չեն կարող դառնալ վարակիչ հիվանդություններ ունեցողները, այն է՝ ՄԻԱՎ-վարակակրություն, վիրուսային  հեպատիտներ, երբևէ լաբորատոր դրական պատասխան վիրուսային հեպատիտների նկատմամբ, սիֆիլիս՝ բնածին կամ ձեռքբերովի, տուբերկուլյոզի բոլոր ձևերը,  բրուցելյոզ և այլն: Հակացուցված է նաև սիրտ-անոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, արյան հիվանդություններ ունեցողներին:

Բացի մշտական հակացուցումներից, արյունատվության բացառման համար հիմք են հանդիսանում նաև հետևյալ ռիսկային խմբերին պատկանող անձիք` նույնասեռականները, մարմնավաճառները, կալանավայրերում գտնվող անձինք,  վիրուսային հեպատիտներով հիվանդների և վարակակիրների, ՁԻԱՀ-ով հիվանդների և ՄԻԱՎ-վարակակիրների ընտանիքի անդամները:

Գոյություն ունեն դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ

Ժամանակավոր հակացուցումների դեպքում առնվազն 6 ամիս առաջ անձը կարող է արյան բաղադրամասերի փոխներարկում կատարած լինել, դաջվածք, մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտումով ուղեկցվող բժշկական գործիքային միջամտություններ արած լինել։ Վերջին 6 ամսում չպետք է կատարված լինեն վիրահատություններ, այդ թվում նաև՝ հղիության արհեստական ընդհատում, ինչպես նաև չպետք է եղած լինեն Հայաստանի Հանրապետությունից դուրս երկարատև (1 ամսից ավելի) գործուղման մեջ (վարակների էնդեմիկ օջախներում)։

Ծննդաբերությունից հետո պետք է անցած լինի ոչ պակաս, քան 1 տարի և ոչ պակաս, քան 3 ամիս լակտացիայի ավարտից հետո։

Արյան դոնոր կարող են դառնալ նաև իգական սեռի այն ներկայացուցիչները, ում դաշտանի ավարտից հետո անցել է ոչ պակաս, քան 5 օր։ Եթե անձի մոտ վերջին 2 ամսում եղել են ալերգիկ վիճակներ, ապա նա չի կարող արյուն հանձնել։ Առնվազն 1 ամիս առաջ, եթե անձի մոտ եղել է 37 աստիճան ջերմաստիճանից բարձր ջերմություն և վերին շնչառական ուղիների սուր բորբոքումներ, ապա նա նույնպես ժամանակավորապես չի կարող դառնալ դոնոր։

Ժամանակավորպես հակացուցված է նաև 1 շաբաթից մինչև 1 ամիս ժամանակահատվածում դեղերի օգտագործման դեպքում (հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ), ինչպես նաև առնվազն 5 տարի առաջ մալարիայի էնդեմիկ վայրերից վերադարձած անձանց։ Եթե անձի մոտ վերջին 3 ամսում առկա է ալանինամինատրանսֆերազայի բարձրացում մինչև 2 անգամ, ապա նա նույնպես ժամանակավորապես չի կարող արյուն հանձնել։

Պատվաստումների դեպքում նույնպես կան ժամանակավոր հակացուցումներ․

կենդանի վակցինա՝ 1 ամիս 

սպանված վակցինա՝ 10 օր

կատաղության դեմ՝ 2 շաբաթ

հեպատիտ Բ-ի դեմ՝ 6 ամիս

Ինչ օգտագործել կամ չօգտագործել արյունատվությունից առաջ

Արյունատվության օրը չպետք է օգտագործել յուղոտ, տապակած, կծու, ապխտած կերակուր, կարելի է ընդունել միայն թեյ կամ սուրճ։ Արյունատվությունից 24 ժամ առաջ չպետք է օգտագործել ոգելից խմիչքներ։

Նախընտրած արյան կետ պետք է ներկայանալ անձնագրով և/կամ զինվորական գրքույկով

Դոնորն արյան կետ ներկայանալուց հետո պետք է լրացնի հարցաթերթիկ, որում նշի իր առողջական վիճակի  և ապրելակերպի մասին, որից հետո անցնի լաբորատոր հետազոտություն և զննվի թերապևտի կողմից:

Արյունատվության գործընթացն իրականացվում է միանվագ ստերիլ պարագաներով: Արյունատվությունն իրականացվում է ժամը 9.00-13.00-ը ամեն օր, բացի հանգստյան և տոնական օրերից: Ցանկալի է չնախատեսել արյունատվություն քննություններից, մրցումներից և այլ ինտենսիվ աշխատանքներից առաջ:

Արյունատվությունից հետո անհրաժեշտ է

10-15 րոպե մնալ հանգիստ պառկած վիճակում, վիրակապը պահել 1.5-2 ժամ, այդ օրը չզբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, չօգտագործել ոգելից խմիչք, լավ սնվել և խմել շատ հեղուկ:

Պատվաստումների կատարում թույլատրվում է արյունատվությունից առնվազն 10 օր հետո:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 3 ուղղաթիռ, 20 ԱԹՍ, 30 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Լիլիթ Դեմուրյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]