1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է. Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ- ում. ՄԱՍ 2

Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է. Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-
ում. ՄԱՍ 2

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 6-ին Ազգային ժողովում ելույթ ունեցավ՝ կապված Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ելույթի առաջին մասը կարող եք ընթերցել հղումով։ 

«Ես չեմ ասում, թե Սահմանադրական դատարանի որոշումները պետք է դարձնել բողոքարկելի: Քավ լիցի: Ես ասում եմ, որ այն դեպքերում, երբ խոսքը վերաբերվում է այլ մարմինների ուղղակի լիազորություններին, առավելեւս ժողովրդի լիազորությանը, ժողովրդի իշխանությանը, Սահմանադրական դատարանի լիազորությունները պետք է լինեն խիստ կանոնակարգված, կանխատեսելի եւ սահմանափակված ժողովրդի ինքնիշխան իրավունքով: Աշխարհում, ի դեպ, չկա գոնե մեկ երկիր, որ Սահմանադրական դատարանի սահմանադրական վերահսկողության լիազորությունը լինի առանց ծավալների սահմանափակման, այսինքն լինի բացարձակ, անքննելի և անբեկանելի: Աշխարհում գոյություն չունի այդպիսի երկրորդ երկիր և միակ այդպիսի իրավիճակը առկա է այսօրվա Հայաստանի Հանրապետությունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը: 

Նրա խոսքով՝ այն իրավիճակը, որ նաեւ այս առումով առկա է սահմանադրական դատարանում, ուղղակի սպառնալիք է ժողովրդավարությանը, որովհետեւ ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչը հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմն է:

 «Մեր երկրում, ըստ այդմ, ինչպես վերը նշեցի՝ հակակշռված եւ փոխզսպված է նախագահի ինստիտուտը, կառավարության ու վարչապետի ինստիտուտը, Ազգային ժողովը նույնիսկ, իսկ Սահմանադրական դատարանը չունի ոչ մի հակակշիռ եւ ընդհանրապես ոչ մի զսպում, փոխարենը կարող է եւ փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի, ժողովրդի իշխանությունը, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կարգավիճակի վերաբերյալ:  

Սա ուղիղ եւ սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար եւ այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար, որովհետեւ այս Սահմանադրության գրողները այդպես էլ պլանավորել էին, որ առնվազն մինչեւ 2035 թվականը Հայաստանում ժողովրդավարություն, ժողովրդի իշխանություն չի լինելու եւ ինչպես Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու խորհրդարանական քննարկման ժամանակ եմ հայտարարել, լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար, այսպիսի Սահմանադրական դատարան ձեւավորվել է եւ Հրայր Թովմասյանը այսպիսի եղանակով Սահմանադրական դատարան է ուղարկվել որպես կոռումպացված, հակաժողովրդական, ապօրինի համակարգի վոչդոգ, որը թարգմանաբար նշանակում է պահապան շուն: 

Այլ կերպ ասած՝ հենց Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը: Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները երբեմն զայրանում են, չեն հասկանում, կարկամում են, թե էդ ինչպե՞ս, ինչի՞ հաշվին են ժամանակ առ ժամանակ հոխորտում նախորդ կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչները, նրանց սպասարկուները եւ օտարածին մականունով քիլլերները, որոնց օրենքը, իրավունքը, արդարադատությունն ու արդարությունը շուտով, շատ շուտով անխուսափելիորեն առնելու է սեփական ոտքերի տակ, եւ դուք այդ շնաբարո դուրսպրծուկների վնգստոցն եք լսելու, բոլորով: 

Ինչի՞ վրա է նրանց հույսը: Միայն ու միայն մի բանի: Հրայր Թովմասյանի ու գործող Սահմանադրական դատարանի: Ինչու՞ են նրանք քմծիծաղով նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչու՞ են նրանք արհամարհանքով վերաբերվում նույնիսկ իրենց դատավարություններին: Որովհետեւ նրանք սպասում են, հույս ունեն, որ ահա շուտով, ահա բան չմնաց՝ իրենց Սահմանադրական դատարանը իրենց, բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից, եւ շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու: 

Բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն եւ այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար: Մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար եւ Ազգային ժողովը հույս ունեմ որոշում կայացնի Սահմանադրության վերը հիշատակված 213 հոդվածը փոխելու հարցով համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին»,- հավելեց նա: 

Փաշինյանի խոսքով՝ այդ հոդվածի փոփոխությամբ պետք է հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների լիազորությունները դադարեցվեն: Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր եւ այո ասեն այդ փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում, ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Արման Դիլանյանը եւ նախագահի կողմից առաջադրված եւ Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը: 

Հանրաքվեից հետո Հայաստանի կառավարությունը, հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, հերթով կառաջադրեն Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ, դատավորներին կընտրի Ազգային ժողովը եւ մի քանի ամսվա ընթացքում կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված եւ գործող Սահմանադրական դատարան, որը իր կազմից կընտրի Սահմանադրական դատարանի նոր նախագահ: 

«Իհարկե, նոր Սահմանադրական դատարանի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն Սահմանադրական դատարանի Սահմամադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների եւ սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: 

Եւ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի սահմանադրական դատարան, որը չի լինի քաղաքական որեւէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր՝ քան ժողովուրդը: Հենց այսպիսի Սահմանադրական դատարան է պետք Հայաստանի Հանրապետությանը, մեզ բոլորիս, Սահմանադրական դատարան, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար»,- շեշտեց Փաշինյանը: 

Նա հիշեցրեց, որ Ազգային ժողովում եւ նրա սահմաններից դուրս լինելու են բազմաթիվ տեսակետներ, քննարկումներ, շահարկումներ հանրաքվե անցկացնելու որոշման մասին: Քննարկվող նախագծի փաթեթում բոլոր իրավական հիմնավորումները բոլոր մանրամասնություններով բերված են: 

«Չեմ ուզում մտնել մանր կամ մեծ դետալների մեջ եւ կարող եմ այս բարձր ամբիոնից արձանագրել ամենակարեւորը. Հայաստանի Հանրապետությունում չկա մի խնդիր, որի լուծման լիազորություն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի: Հայաստանի Հանրապետությունում չկա մի հարց, որը լուծելու լիազորություն, իրավասություն, իշխանություն չունենա ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին: 

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքնիշխան է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տիրակալ է եւ նա իրավասու է, կարող է լուծել ցանկացած հարց եւ կլուծի:  

Ի դեպ, 2018 թվականի գարնանը տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո շատ է խոսվում այն մասին, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ «Իմ քայլը» դաշինքը հեղափոխական ճանապարհով եկավ իշխանության: Այս ձեւակերպումը թյուրիմացության արդյունք է: Որովհետեւ մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներս, «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներս Հայաստանի Հանրապետությունում իշխանության չենք եկել: Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկել է ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին: Մենք պարզապես ժողովրդի ներկայացուցիչն ենք, մենք ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ  հոդվածով: 

Այո, մենք ներկայացնում ենք ժողովրդին եւ ունենք ժողովրդի կողմից մեզ պատվիրակված լիազորություն, իսկ Սահմանադրական դատարանը այսօրվա ձեւով չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը եւ այն պետք է հեռանա: 

Եւ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»,- հավելեց վարչապետը:  

Նա դիմեց նաև Սահմանադրական դատարանի անդամներին՝ ասելով. 

«Հասկանում եմ, որ այն ինչ ասացի այս ելույթում՝ հաճելի չէ ձեզնից շատերին, գուցե ոմանք ասված որոշ դրվագներ համարեն վիրավորական: Բայց ուզում եմ ասել, որ որեւէ մեկին վիրավորելու միտում չունեմ, պարզապես պարտավոր եմ իրերը կոչել իրենց անունով: Ասեմ ավելին, եթե որեւէ մեկը իմ ելույթի որեւէ հատվածից անձնական առումով, կրկնում եմ՝ անձնական առումով վիրավորած է զգացել, ես ներողություն եմ խնդրում: Բայց իրողությունները սրանից չեն փոխվում: 

Սահմանադրական դատարանի շուրջ, այո, ստեղծվել է ճգնաժամ, որը ավելի լայն ճգնաժամ դառնալու վտանգներ է պարունակում, բայց ուզում եմ ասել, որ դուք ինքներդ՝ ՍԴ անդամներդ, կարող եք լուծել այդ ճգնաժամը՝ մեծ ծառայություն մատուցելով պետությանը եւ ժողովրդին, գնահատելի ծառայություն մատուցելով: 

Դուք՝ խոսքս Սահմանադրական դատարանի անդամների, հին կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների մասին է, ահա դուք բոլորդ կարող եք հրաժարական ներկայացնել ՍԴ անդամի կարգավիճակից: Դա կարող եք անել այսօր, վաղը, կարող եք անել մինչեւ հանրաքվեի մասին որոշումը Հանրապետության նախագահի կողմից ստորագրելը: 

Ի դեպ, ուզում եմ ասել, որ մենք ՍԴ ճգնաժամի լուծման հարցով քննարկումներ ենք ունեցել Հանրապետության նախագահի հետ եւ համոզվել, որ նա համաձայն է տվյալ իրավիճակը հանրաքվեով լուծելու առաջարկվող բանաձեւի հետ, ինչի մասին կարծում եմ ինքը կհայտարարի: 

Ահա, ուրեմն, Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, դուք կարող եք հրաժարական ներկայացնել մինչեւ Հանրապետության նախագահի կողմից տվյալ որոշման ստորագրումը եւ դրանով մեծ ծառայություն մատուցած կլինեք Հայաստանի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին: 

Ասեմ նաեւ, որ պատրաստ եմ հանդիպել բոլորիդ հետ՝ առանց բացառության, առանձին-առանձին, կամ բոլորով՝ այս հարցը, նրա մանրամասները քննարկելու համար: Կարող եմ խնդրել ձեզ անել այդ քայլը՝ անձամբ, ձեր աչքերի մեջ նայելով եւ կարող եմ ժողովրդի անունից արժանին մատուցել այս իրավիճակը հանգուցալուծելուն ձեր աջակցությանը:  

Եթե դա ձեզ համար ընդունելի է՝ շատ լավ, եթե դա ձեզ համար ընդունելի չէ, ուրեմն հարցը, համոզված եմ, կլուծի Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին, որովհետեւ՝ Սահմանադրությունն է ժողովրդի համար եւ ոչ թե ժողովուրդը Սահմանադրության: 

Ուզում եմ ընդգծել, որ հանրաքվեն դիտարկելու համար մենք պատրաստ ենք հրավիրել միջազգային ամենաառաջատար դիտորդական կազմակերպությունների՝ Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, Եվրոպական միությունից, ԱՊՀ-ից եւ այլ կառույցներից, եւ որեւէ կասկած չկա, որ ժողովրդի ազատ կամքի արտահայտման բոլոր երաշխիքները կստեղծվեն, չնայած այսօր արդեն այդ երաշխիքները Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են: Վկան՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ազատ, արդար, թափանցիկ ժողովրդավարական ընտրությունները, որոնք առաջինն էին, որոնց արդյունքներն ի դեպ չբողոքարկվեցին ՍԴ-ում որևէ մեկի կողմից և նրա արդյունքները կասկածի տակ չդրվեցին ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո հանրային որևէ խմբի կամ որևէ շրջանակի կողմից: Սա նշանակում է մեկ բան և կարևոր եմ համարում այս ամբիոնից այդ մեկ բանը արձանագրելը: 

Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]